Մահվանից առաջ ի՞նչ է ասել Արմեն Գրիգորյանը Իսագուլյանին

Այսօր դատարանում խոսել եմ երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի հետ։ «Դիմադրության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը։

«Մենք արդեն պլանավորում էինք, թե ոնց ենք իրեն երեկոյան դիմավորելու, առաջիկա քայլերն էինք քննարկում։ Ինքը ինձ ասաց՝ Գառնիկ ջան, ես մի քիչ կուշանամ, սրանք ինձ կարող է էլի կալանքի տակ պահեն։ Մենք ուզում էինք նրան ուղիղ եթեր հրավիրել, բայց դա այդպես էլ չկայացավ ու այսօր այստեղ Արմենի փոխարեն նրա լուսանկարն է, ինչն իհարկե մեծ ցավ է բոլորիս համար»,-պատմեց նա։

Իսագուլյանի խոսքով՝ գոնե այսօր հրապարակում հազարավոր մարդիկ պետք է հավաքված լինեին։

«Ես այստեղ գալուց իրոք մտածում էի, որ այս հրապարակը գոնե այսօր պիտի բազմահազարանոց լինի, թեպետ հիմա մտածում եմ այս ժողովրդի անտարբերության վրա։ Այն, ինչ դատարանում այսօր կատարվեց Արմեն Գրիգորյանի մոտ աչքի առաջ, կարող է կատարվել ձեզնից յուրաքանչյուրի աչքի առաջ։ Այո, դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, որովհետև այս իշխանությունները պարզապես էլ այլ ճանապարհ չունեն իրենց իշխանությունը պահելու համար»,- հավելեց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։

(Visited 450 times, 1 visits today)