Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը

Այսօր՝ հուլիսի 15-ին, «էրեբունի» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Երեխային անվանակոչել են եղբոր անունով՝ Մխիթար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ընտանիքի հարազատներից։

Փոքրիկը ծնվել է 3,7 կգ քաշով, 49 սմ հասակով:

«Քիչ առաջ խոսեցի Աստղի՝ Մխիթարի մայրիկի հետ։ Շատ հուզված էր, ասում է, որ երեխան շատ նման է ավագ եղբորը»,- ասաց ընտանիքի հարազատը։

Մխիթար Գալեյանը ծառայել է Հադրութում։ Նրա ծառայության ավարտին մնացել էր չորս ամիս, երբ պատերազմը սկսվեց։ Պատերազմը սկսելու հենց առաջին օրից ներգրավված է եղել թշնամու դեմ գործողություններում։

Որդու հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում հերթական հրթիռակոծության ժամանակ Մխիթարն ու զինակից ընկերը՝ Հայկ Սահակյանը անմահացել են՝ իրենց ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ։

(Visited 213 times, 1 visits today)