Մամայի կողմի դուռը բացվեց. Մաման ձայն հանեց և ընկավ ցած. Պապան ձեռքը երկարեց, որ…Պատմում է Պարույր Սևակի որդին

Պատմում է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը.
«…Պապան չուզեց կանչել վարորդին, որովհետև հինգշաբթի օրը նրա հնձի օրն էր:

Պապան գարաժից «Վոլգան» դուրս հանեց և ուրախացավ, որ հանճարեղ է դուրս հանել, որ անպայման ինքը առանձին մեզ Երևան պիտի տաներ: Մաման չառարկեց: Գնալու էինք Երևան, որպեսզի մյուս օրը Թիֆլիս գնային իմ մեծ մամայի հոգեհանգստի համար:

Ես առջևում նստեցի: Մաման ուզեց, որ ես ետև նստեմ`ծաղիկները բռնելու համար: Ետև գնացի և նստեցի Կորյունի մոտ… Տատիկն ու պապիկը մեզ ճանապարհ դրեցին, և մենք հեռացանք Չանախչիի մեր տնից:

Պապան լուռ էր և հանգիստ էր երևում: Հեշտությամբ անցանք ոլորապտույտ ճանապարհներից: Ամայի էր: Առաջից մի բեռնատար ավտո ճամփի մեջտեղից էր գնում: Պապան մոտեցավ, ազդանշան տվեց, որպեսզի ճանապարհ տա: Բեռնատարը շարունակեց մեջտեղից գնալ:

Պապան ջղայնացավ, ավելի երկար ազդանշան տվեց: Վերջապես բեռնատար ավտոն թեքվեց աջ: Պապան շատ արագ կողքով անցավ, թեքվեց աջ և ետև նայելով բեռնատարի գյուղացի վարորդին ցուցամատը թափ տալով հայհոյեց:

Պապան դեռ չէր գտել իր բաց ճանապարհը, երբ բեռնատարը մի քիչ ձախ թեքվեց, մոտենալով մեզ կարծեմ պապային վախեցնելու համար: Պապան մեքենան անմիջապես աջից դեպի ձախ թեքեց, և աջ կողմից մեքենան բարձրացավ: Մամայի կողմի դուռը բացվեց:

Մաման ձայն հանեց և ընկավ ցած: Պապան ձեռքը երկարեց, որ բռնի: Մեքենան շուռ եկավ և ցնցումով խփվեց գետնին: Ես Կորյունի վրա ընկա: Մեքենան նորից դարձավ և անիվների վրա կանգեց հողին: Մաման պառկել էր գետնի վրա ու շատ ձայն էր հանում: Պապան մեքենայի մեջ էր, լուռ էր…»:

(Visited 6 530 times, 1 visits today)