Թող չորանար այն արգանդը, որ այսպիսի «եղբայրներ» ծնեց․․. Երբ Խանջյանին Թիֆլիսում սպանեցին, Հայաստանի կառավարությունը իր ժողովրդի հետ նստած ճաշում էր. Ժողովուրդը լուրն առնելուն պես՝ պատառաքաղը քաշած, ուզեց…

«Պատմությունը երկու անգամ ցույց տվեց այս հիմարին, որ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից ֆեդերացիա կազմելը սխալ է ու անհնարին, բայց Խրուշչովը ներկայիս երրորդ անգամ կամենում է այդ երեք պետություններից մի ֆեդերացիա կազմել, որ․․․ իրար ուտեն։

Առաջին ֆեդերացիան տեղի ունեցավ դաշնակների ժամանակ։ Ամբողջ Հայաստանի հողը կտրտեցին տվին թուրքին, Հայաստանին թողին մի ոտի վրա կանգնած։

Երկրորդ ֆեդերացիան կազմեցին բոլշևիկների ժամանակ։ Ողջ պետական բյուջեն Վրաստանն ու Ադրբեջանը բաժանեցին իրար մեջ, իսկ Հայաստանի գրպանը չամիչ լեցրին, որ ուտելեն գա իր երկիրը։
Եվ առանց ծպտուն հանելու եկավ։ Նա ինքն էլ գիտեր, որ իրեն ոչ ոք լուրջ պետության տեղ չի դնում։

Թութ թափ տալիս կանչում են, որ մեզարի մի ճոթը բռնի, վերջում թութը լեցնում են իրենց սաբաթները, մի քանի խակերը թողնելով մեջը, տալիս են Հայաստանի շալակը ասելով․
-Տար երեխեքիդ՝ կուտեն․․․

Մեր երկիրը որովհետև քարքարոտ է՝ չեն բաժանում իրար մեջ, սպասում են, որ հայերն իրենց ձեռքով քարերը ջոկեն, փափկացնեն, նոր գրավեն։
Բագիրովի դատավարությունը այդ ցույց չտվե՞ց։ Ա՜խ, այդ Վրաստանը․․․

Վրաստանը, եթե ինձ ընկույզ տա, ես կասեմ՝ կոտրի նոր տուր, որովհետև հաստատ գիտեմ, որ մեջը փուչ է։
Նրա Հայաստանին պարզած ամեն ձկան մեջ մի օձ կա պարզված։
Խանջյանին կանչեցին Թիֆլիս, սպանեցին, Մյասնիկյանին օդ հանեցին ու այնտեղից բաց թողին ամբողջովին բոցավառ։

Զորն ասեմ ու զորը խոստովանեմ, քանզի անթիվ են Հայաստանին նրա պատճառած չարիքները։ Այս բոլորով մեկտեղ այս երեք պետությունները, երբ պաշտոնապես են խոսում իրար հետ՝ մեղր է, որ ծորում է նրանց շրթունքներից։

Եղբայրակա՜ն Հայաստան, եղբայրակա՜ն Վրաստան, եղբայրակա՜ն Ադրբեջան։
Թող չորանար այն արգանդը, որ այսպիսի «եղբայրներ» ծնեց․․․
——
Երբ Խանջյանին Թիֆլիսում սպանեցին, Հայաստանի կառավարությունը իր ժողովրդի հետ նստած ճաշում էր։ Ժողովուրդը լուրն առնելուն պես՝ պատառաքաղը քաշած, ուզեց Թիֆլիսի վրա արշավել։ Բայց կառավարությունը ժողովրդի ոտը սեղանի տակից կոխեց, փեշը քաշեց, որ տեղը հանգիստ նստի, ասելով, որ դա ոչ թե սպանություն է, այլ ինքնասպանություն։

Վրաստանը, որ այդ ոճիրը կատարելուց հետո շվարել կանգնել էր ու չգիտեր ինչով արդարանա, լսելով Հայաստանի խոսքերը՝ կրկնեց ուրախացած․

-Խանջյանն ինքնասպան է եղել։
Իսկ երբ դատական բժիշկները զննելով դիակը գտան, որ գնդակն արձակված է մեռածի գլխին ձախ կողմից, իսկ Խանջյանը ձախլիկ չէ՝ Վրաստանը Հայաստանի կառավարության երեսը նայեց, սպասելով, թե այդ դժվարությունի՞ց ինչպես կազատի իրեն։

Եվ Հայաստանի այլասեր կառավարությունը Վրաստանին ամեն տեսակ պատասխանատվությունից ազատելու համար հայտարարեց, որ Խանջյանը աջ ձեռք չի ունեցել, երկու ձեռքն էլ ձախ է եղել
Ա՜խ, հայե՛ր, հայե՛ր։

Դուք, որ ձեր պատմության ողջ ընթացքին աջ ձեռքով օտարին եք պաշտպանել, ձախով՝ ձեր սեփական ժողովրդին։ Կամ՝ դուք, որ աջ ձեռքով ինքներդ ձեզ հարվածեցիք, ձախով՝ թշնամուն։ Այն ատելությունը, որով հայ բոլշևիկները ատեցին հայ դաշնակներին, եթե իմ ձեռքը ընկներ, ես կոչնչացնեի ողջ թուրք ազգը։
Բայց ի՞նչ։

Երբ բնաջնջումից ողջ մնացած հայերն իրար մեջ խոսում էին թուրքերի կատարած այդ անլուր ոճիրի մասին, բոլշևիկներն աչքերը խոժոռում էին նրանց վրա, ասելով․

-Կամաց զրուցեք, թուրքերը լսեն՝ կվիրավորվեն։ Ու երբ այդ ոճիրի հեղինակներից մեկը՝ Ջեմալ փաշան սպանվեց Թիֆլիսում, բոլշևիկյան հայ կառավարությունը տասնյակ հազարավոր հայերի բանտարկեց, աքսորեց ու գնդակահարեց, որ թուրք կառավարությունը․․․ չվիրավորվի»։
Լեռ Կամսար, 1963թ․, անտիպ

(Visited 6 100 times, 1 visits today)