ՆԱ առաջին ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՑ է եղել, որ պատկերել է թուրք բռնակալների վայրագությունները Արևմտյան Հայաստանում. Իմացե՛ք ՆՐԱ մասին ավելին

Արձակագիր, լրագրող ԳԵՂԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կենտրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։

Աշխատակցել է տեղի մի շարք պարբերականների։ 1912թ. Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։
Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա, վերադառնալով Կ.Պոլիս, շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։

1909-15թթ եղել է «Սուրհանդակ» և «Ազատամարտ» թերթերի գլխավոր խմբագիրը, «Ազդակ» գրական հանդեսի (41 համար) հրատարակիչը։ 1914թ. Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։ Արևմտահայ արձակում առաջիններից է եղել, որ պատկերել է բանվորական կյանքը։

Այլաբանական զրույցներում («Ապառնի քաղաքին խուզարկիչը», «Սպասումս կախաղանին վրա», «Մեսիան կուգա») ներբողել է մարդու կամքի ուժը։

«Այսպես պատմեց Վրիժաբիբ Ազատությունը», «Ձյունամրրիկը» և մյուս պատմվածքներում նկարագրել է թուրք բռնակալների վայրագությունները Արևմտյան Հայաստանում։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931թ.՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով։ 1915թ. ձերբակալվել է Կ.Պոլսի մտավորականների հետ և սպանվել Այասում։

nurblog.info

(Visited 110 times, 1 visits today)