Դատարանը հրապարակեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը։

Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխել 1 մլն դրամ գրավով:

Նշվում է, որ գրավի գումարը կվճարի Իգոր Խաչատուրովի հայրը` Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշվում է, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 1 255 times, 1 visits today)