Forbes-ը հրապարակել է 2022 թվականի միլիարդ ատերերի վարկանիշը. Ցանկում ութ հայ կա

2022-ի միլիարդատերերի վարկանիշը. ցանկում ութ հայ կա

Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2022 թվականի միլիարդատերերի համաշխարհային վարկանիշը, այս մասին գրում է Armlur.am-ը։

Վարկանիշում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 2 668 գործարար, որոնց կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Ցանկում նաեւ ութ հայ կա:

Աշխարհի ամենահարուստ մարդը Tesla, SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն է։ Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 233,7 մլրդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 9,1 մլրդ դոլարով։

Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոն է՝ 150,8 մլրդ դոլար կարողությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 142 մլրդ։

Աշխարհի ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվում է 3,6 մլրդ։ Նա զբաղեցնում է միլիարդատերերի վարկանիշի 806-րդ հորիզոնականը:

«Մագնիտ» առևտրային ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) Forbes-ի վարկանիշում 880-րդն է` 3,3 մլրդ դոլարով, իսկ Badoo առցանց ծանոթությունների ծառայության հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) 1 461-րդն է՝ 2 մլրդ կարողությամբ։

Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի կարողությունը նույնպես 2 մլրդ է գնահատվում, նա 1 473-րդ հորիզոնականում է։

Քիմ Քարդաշյանը Forbes-ի միլիարդատերերի ցուցակի 1 595-րդն է՝ 1,8 մլրդ դոլարով, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը՝ 1 955-րդը՝ 1,5 մլրդ կարողությամբ։ Գործարար, ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը 1,2 մլրդ դոլարով 2 204-րդն է։

Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող Ալբերտ Ավդոլյանը 2 281-րդ հորիզոնականում է՝ կրկին 1,2 մլրդ դոլարով։

(Visited 4 355 times, 1 visits today)