Էն մարդը արժեք ունի, որ մի ճամփով է գնում և ոչ թե հազար ու մի. Լայնության վրա գնալը հեշտ է, խորությունն է դժվար

Բարոյապես ուժեղները միայն կարող են տիրել արքայությանը: Ներքին ստեղծագործական ուժը, կամքը, բարոյական ուժը — դրանք են կարևոր:

Կատարելագործվել, լինել ուժեղ, կատարյալ ու մեծ: Մի բանի վրա պետք է կենտրոնանալ, ջանք գործ դնել ու անվերջ ձգտել, բարձրանալ, ստեղծագործել — նոր բան տալ:

Գիտությունների մեջ պետք է խորանալ. խորանալ և միևնույն ժամանակ բարձրանալ ու վերևից, բարձրից նայել — մանր հարցերով չտարվել՝ չկորչելու համար: Խիտ անտառ մտնողին անտառն անծայր ու անհուն կթվա, շատ մեծ, բայց եթե սարը բարձրանա, բարձրից կնկատի նրա սահմանը, չափը:

Բարձրից պիտի նայել և միևնույն ժամանակ խորանալ, աշխատել, ստեղծել:
Հոգու խորությունը շատ է մեծ ու կարևոր, թերևս ամենաէականը մարդու կյանքի մեջ:

Մարդ մի խնդրով պիտի տարվի, զբաղվի, ապրի ու նվիրվի: Էն մարդը արժեք ունի, որ մի ճամփով է գնում և ոչ թե հազար ու մի:
Լայնության վրա գնալը հեշտ է, խորությունն է դժվար:

Մարդու խորությունն իմանալու, չափելու համար պետք է գիտենալ, թե նա ինչ խնդիրներով է զբաղվում, ինչ հարցերով է տարվում:

Հովհաննես Թումանյան

(Visited 463 times, 1 visits today)