ԱՄՆ-nւմ ծնված և մեծ ացած պատանին Հայաստանnւմ անվճար գրատն ակներ է տեղադրnւմ

ԱՄՆ-ում ծնված ու մեծացած 15-ամյա Լևոն Ալյանաքյանի նախաձեռնությամբ ու անմիջական աջակցությամբ անվճար գրատնակներ են տեղադրվել Վեդիում, Գյումրիում ու Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, յուրաքանչյուրը կարող է օգտվել գրատնակներից՝ վերցնել նախընտրած գիրքը, ընթերցել ու վերադարձնել այն՝ նույն կամ մեկ այլ գրատնակ։

Լևոնի նպատակն է աշխարհի շատ երկրներում գործող «Little Free Library»-ների մշակույթը տարածել նաև Հայաստանում՝ խրախուսելով գրքերի փոխանակումը և ընթերցանությունը։

«Գաղափարը ծնվեց, երբ մի փոքր անվճար գրատնակ տեսա մեր տան մոտ՝ Լագունա Հիլզ՝ Կալիֆորնիայում: Ես մեկ գիրք վերցրեցի ու մտածեցի, որ լավ գաղափար է, որը կարելի է իրականացնել Հայաստանում, հատկապես՝ մարզերում, որտեղ գրքերը թանկ են, գրադարանները քիչ: Սրանով ուզում եմ, որ Հայաստանում երիտասարդները կարդալու ու կրթվելու հնարավորություն ունենան: Գրադարանները հասանելի լինեն բոլորին»-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Լևոնը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնությունը սկսել են Վեդիից, որտեղ 7 գրատնակ է տեղադրվել, ապա տեղափոխվել է Շիրակի մարզում՝ նախ մարզկենտրոն Գյումրիում, ապա՝ Շիրակի մարզի գյուղական համայնքներում:

«Շատերը տանը գրքեր ունեն, որոնք արդեն կարդացել են: Դրանք կարող են բերել տեղադրել գրատնակում, փոխարենն այլ գիրք վերցնել՝ ընթերցելու համար: Հուսով ենք, որ այն կծառայի իր նպատակին՝ գրատնակները կհարստանան նոր գրքերով, որոնք էլ կունենան շատ ընթերցողներ: Կարծում եմ, եթե մարդը սիրեց այս գրատնակը, կարող է 10 կամ 20 գիրք բերի: Հույս ունեմ, որ գրատնակները միշտ լեցուն կլինեն »-նշեց Լևոնը:

15-ամյա պատանին պարբերաբար է Հայաստան այցելում:

«Ճանապարհորդել ու աշխարհագրություն շատ եմ սիրում՝ 45 երկրում եմ եղել: Հայաստան սա իմ 12-րդ այցն է: Այս այցերի ընթացքում եղել եմ գյուղերում ու շատ եմ հավանել: Կարդալ ևս շատ եմ սիրում, հատկապես պատմական, աշխարհագրական գրքեր: Իհարկե, գեղարվեստական գրականություն ևս կարդում եմ՝ իմ սիրած հեղինակը Սարոյանն է »-ասում է Լևոնը:

Գրատնակի գրքերը տարբեր են՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, մասնագիտական, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն՝ կապված թե ինչ կառույցի մոտ է գրատնակը տեղադրված:

Լևոնի նախաձեռնության հաջորդ կանգառը Լոռին է: Ընդհանուր առմամբ, Արարատի, Լոռիի ու Շիրակի մարզերում նախատեսված է 30 գրատնակ, որից 23-ն արդեն տեղադրված է:

Անվճար գրատնակների գաղափարը Հայաստանում կյանքի կոչելու համար իրականացվել է ֆոնդի հայթայթում՝ յուրաքանչյուր գրատնակ իր հովանավոր ընտանիքն ունի: Տեղադրված գրատնակի ու դրա «ճակատագրի»՝ տեղադրման վայրի, գյուղի, քաղաքի, կառուցի մասին, ինֆորմացիան Լևոնն ու իր մայրը փոխանցում են հովանավորներին, ովքեր էլ հետագայում ցանկության դեպքում կարող են անձամբ գալ Հայաստան ու տեսնել այն՝ թարմացնելով գրապահոցը:

(Visited 1 048 times, 1 visits today)