Էռնեստ Հեմինգուեյ և Վիլյամ Սարոյան. Երկու մեծանուն գրողների վեճը, որից հետո սրճարամում փակցվեց հետաքրքիր ցուցանակ

ՀԵՄԻՆԳՈՒԵՅՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ
՛՛Եթե ձեզ ինչ-որ բան խոցում է, նշանակում է՝ ձեզ համար միեւնույն չէ…՛՛

1922 թվական, Զմյուռնիա։
Թուրքական զորքերը ներխուժելով քաղաք՝ սրի են մատնում խաղաղ քրիստոնյաներին։

Նրանք ավերում, թալանում եւ ոչնչացնում են հայկական, հունական եկեղեցիներն ու թաղամասերը, իսկ փրկվածների նավերը թշնամու կողմից ջրասույզ են արվում։

Ամերիկացի մի գրող, ով այդ ժամանակ «Տորոնտո դեյլի սթար» թերթի թղթակիցն էր, մեկնում է Թուրքիա եւ դառնում վայրագությունների ականատեսը։
Գրողը սարսափում է…

«…Շարունակ երկմտում էի՝ արդյոք շարունակե՞մ գրողի իմ գործունեությունը, թե՞ պայքար սկսեմ ցեղասպանության ոճրի դեմ։ Ի վերջո, ես որոշեցի գրել, բայց գրել միայն ճշմարտությունը…»,–գրում է նա։

1925 թվականին ամերիկացի գրողը հրատարակում է «Մեր ժամանակում» պատմվածաշարը, որում տարիներ առաջ անմեղ քրիստոնյաների հետ կատարվածը վերարտադրում է «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում. «Չեմ կարողանում մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։
Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում…»։

Այդ գրողը, ում տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս «քրիստոնյաների ճակատագիրը», Նոբելյան մրցանակակիր ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅՆ էր։

Հեմինգուեյը ծանոթ է եղել հայկական մշակույթին։
Նա եւ իր կինը հմայվել են ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ երաժշտությամբ։
Մի անգամ, երբ հայ կոմպոզիտորը երաժշտական շրջագայությամբ ժամանել է Կուբա , Հեմինգուեյն իր տանը հյուրընկալել է Խաչատրյանին եւ քաղաքական գործիչ ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻՆ։
Անվանի գրողը նրբանկատորեն ցույց է տվել կոմպոզիտորի երաժշտության ձայներիզները, որով իր համակրանքն է արտահայտել հայկական երաժշտության նկատմամբ։

Էռնեստ Հեմինգուեյը, սիրելով հայկական մշակույթը, միաժամանակ հակամարտության մեջ է եղել հայ ականավոր գրողի՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ հետ։

Պատմում են, որ ֆրանսիական սրճարաններից մեկում երկու գրողը վիճել են, որից հետո փակցվել է մի ցուցանակ՝ հետեւալ գրությամբ. «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»։

Երբեմն լեգենդներ էին հյուսվում նրանց մասին։ Գուցե պատճառը երկուսի հանճարեղ լինե՞լն էր։
Փաստն այն է, որ երկու գրողն էլ դարձան 20—րդ դարի ամենանշանավոր հեղինակները։
Հեմինգուեյը տեսնում էր մարդուն մահվան եւ կյանքի սահմանագծին, որտեղ ամեն ակնթարթը պայքար է եւ ամենասոսկալին՝ մարդու պայքարն իր դեմ։

«Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից»,–գրում է Հեմինգուեյը, դրա համար «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը»,–ասում է լավատեսական հայացքով Սարոյանը։

Որքան էլ նրանց մեջ եղել են տարաձայնություններ, միեւնույն է, երկուսն էլ բարձր են գնահատել միմյանց գրականությունը։ Հեմինգուեյն այսպես է ասել Սարոյանի մասին.
«Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ. դա նրա հայ լինելն է»։
Հայերի մասին Հեմինգուեյը բարձր կարծիք էր հայտնում նաեւ հավաքույթների, հաճախ գրական երեկույթների ժամանակ։

Հայերի արժանիքները գնահատեց այնպես, որ հենց այս ազգի մեջ փնտրեց իրեն բարեկամ ու մրցակից…

Հեղ.՝ Հասմիկ Գևորգյան

(Visited 3 224 times, 1 visits today)