Աստվածային հատապտղի բուժիչ հատկությունները. Հրաշագործ ազնվամորի

Պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ Կրիտոս կղզու բնակիչները հավաքել են ազնվամորու հատապտուղները Զևսի հայրենիքը համարվող Իդա լեռան լանջերից։

Ազնվամորին (Rubus idaeus, малина) վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Կյանքի առաջին տարում ցողունները խոտային են, բարակ, ծածկված են սուր փշերով։ Աշնանը ցողունները փայտանում են, իսկ հաջորդ տարվա գարնանը` ճյուղավորվում և կորցնում փշերը։

Տերևաթափ, մինչև 1,5-2 մ բարձրության հասնող թուփ (կամ կիսաթուփ) է։ Տերևները կազմված են կենտ քանակության (3,5 կամ 7 հատ) անհավասար սղոցաեզր տերևներից, որոնք մուգ կանաչ են, սրածայր, ներքևից սպիտակ, թաղիքանման մազմզուկածածկ։ Պտղաբերող ընձյուղների վրա տերևները եռամաս են, և հենց այս տերևներից ստացած պատրաստուկներն են առավել օգտակար։ Ծաղիկները սպիտակ են` մինչև 1 սմ տրամագծով, հավաքված ոչ մեծ վահանաձև հուրաններում` ցողունի և ճյուղերի գագաթներին։

Պտուղը հուլիս-օգոստոս ամիսներին հասունացող բազմակորիզակ է։

Ազնվամորին մեղրատու բույս է, ծաղկման շրջանը տևում է 15-18 օր։ Ծաղիկները թեքված են դեպի ներքև, ինչի շնորհիվ մեղուն կարողանում է «աշխատել» նույնիսկ անձրևոտ եղանակին։ Մեկ օրվա ընթացքում ուժեղ մեղվաընտանիքը կարող է մթերել մինչև 3 կգ ծաղկահյութ և 200 գ ծաղկափոշի. 1 հա ազնվամորու հոծ թփուտների մեղրատվությունը հասնում է մինչև 215 կգ։ Մեղրն ունի բաց սաթի գույն, հաճելի համ և բուրմունք։ Բյուրեղանում է երկրորդ տարում` ստանալով կրեմագույն երանգ։

Ազնվամորին հանդիպում է Նիգ-Ապարանի, Վայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Ախուրյան գետի վերին հոսանքների լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, քարքարոտ վայրերում, անտառների հատած տեղերում և եզրերին։
16-րդ դարից մշակվել է Եվրոպայում, մեր օրերում ունի մեծ տնտեսական նշանակություն, արտահանման ծավալներով առաջատարը ՌԴ-ն է։
Սերբիան զիջում է` 2, իսկ ԱՄՆ-ը` 3 անգամ։ Ռուսաստանում բուծվել են տեսակներ, որոնք պտղաբերում են առաջին տարվա աշնանը։

mori1Հատապտուղները հարուստ են օգտակար նյութերով` թարմ պտուղը պարունակում է 5,7-9տոկոս շաքարներ, 2-3 տոկոս օրգանական թթուներ` կիտրոնի, խնձորի, գինու, մրջնի, սալիցիլի, ֆլավոններ, դաբաղանյութ, 5-6 տոկոս բջջանք, պեկտին, վիտամիններ, մակրո և միկրոտարրեր։ Գրեթե նույնանման նյութեր են պարունակում ծաղիկները և տերևները։ Սերմը պարունակում է մինչև 12 տոկոս ճարպային թթուներ և բետա-սիտոստերին։

Բնական ասպիրին
Գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդգրկել ազնվամորու թարմ և չորացրած պտուղները կամ դրանցից ստացված մթերքը աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, քանի որ դրանք լավացնում են մարսողությունը, ունեն հակաբորբոքային, ցավազրկող հատկություններ, սրտխառնոցը կանխարգելող ազդեցություն։

Չոր պտուղներում բարձր է սալիցիլաթթվի տեսակարար կշիռը, դրանցից ստացված թեյը համարվում է քրտնամուղ, ջերմիջեցնող դեղամիջոց, որը խորհուրդ է տրվում մրսածության դեպքում։ Չոր պտուղները կարող են փոխարինել ասպիրինին։

200 գ չոր հատապտուղը 30 րոպե թրմեք 600 մլ եռջրում։ Խմեք որպես քրտնամուղ միջոց` մրսածության, սկսվող գրիպի, անգինայի դեպքում։
Գիրություն, ճարպակալում- 30 գ չոր հատապտուղը թրմեք 200 մլ եռջրում։ Դանդաղ խմեք թուրմը և կերեք 50-100 գ չոր հատապտուղ։
Ազնվամորին օգտակար է կանանց

Ազնվամորու պտղի թուրմը կարգավորում է դաշտանի պարբերությունը, ունի թարմացնող հատկություն, հանգստացնում է կարկամային ցավերը, կանխարգելում սրտխառնոցը, նվազեցնում է վիժման վտանգը և ցավերը ետծննդաբերական շրջանում, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։

Կանացի հիվանդություններ. Մանրացրեք, խառնեք հավասար քանակի ազնվամորու ծաղիկ և տերև։ 10 գ չոր (20 գ թարմ) հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք երկտակ ծալած թանզիֆով։ Կատարեք ներլվացում։ Օգտակար է նաև թութքի դեպքում, արտաքին օգտագործման համար։

Առատ դաշտան. Մանրացրեք, խառնեք (հավասար քանակի) ազնվամորու և գետնամորու տերևներ, կաղնու կեղև, հազարատերևուկի և սագմատնունու վերգետնյա մասերը։ 1 ճ/գ չոր հումքը 6 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 5-8 օր։

Շաքարային դիաբետ, հիպերտոնիա, աթերոսկլերոզ
Այս հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում խմել օրը 50 մլ թարմ, ջրի մեջ լուծված (2։1) կամ հատուկ ձևով պատրաստված ազնվամորու հատապտղից ստացված հյութ։

Մզեք թարմ հատապտուղների հյութը (ցանկալի է` հյութաքամիչով)։ 1 կգ հյութին խառնեք 100 մլ ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա (չեռացնել)։ Տաք հյութը լցրեք շշերի մեջ, մանրէազերծեք, կիպ փակեք, զմռսեք։ Հյութը խմեք ուտելուց 30 րոպե առաջ։
Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի գոյացմանը և յուրացմանը հյուսվածքներում։

(Visited 70 times, 1 visits today)