Ինչ է խոստացել Ռուսաստանը Փաշինյանին

2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի ամեն մի ասուլիս կամ հրապարակային ելույթ կազմակերպվում է մեկ նպատակով՝ հանրությանը մատուցել զիջումների հերթական խմբաքանակը՝ համեմված կեղծիքներով, ողորմելի փաստարկներով ու դեմագոգիայով։ Դա արվում է որոշակի պարբերականությամբ, մինչասուլիսային ժամանակաշրջանում տեղեկատվության արտահոսքերով՝ հանրությանը հոգեբանորեն համակերպելու համար։ Թշնամական այս մարտավարությունը, որը կիրառում է Փաշինյանը, ակնհայտորեն տեղավորվում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի, իր իսկ ամենահաճախ կրկնվող բառով՝ տրամաբանության մեջ։

Այս ասուլիսն էր բացառություն չէր եւ հրավիրվել էր Լաչինի նոր ճանապարհի «տրամաբանությամբ» հայկական մնացած բնակավայրերը հանձնելու տեղեկությունը պաշտոնապես հայտնելու համար։ Մինչ այդ, Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերի ճակատագրի մասին զլմ-ներում արդեն բավական տեղեկություններ էին հրապարակվել։

Մնացյալը՝ Փաշինյանի տրամաբանությամբ։ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ պնդումները բացահայտում են կեղծիքը, որը նա տարածում է՝ Մոսկվայի ու Բաքվի հետ «քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» տրամաբանությամբ։ Կարգավիճակի բացառման մասին հրապարակավ հայտարարել են Մոսկվան ու Բաքուն, իսկ արեւմտյան համանախագահները՝ հրապարակավ հերքել նման պահանջների առկայությունը։ Այս ֆոնին, հարցեր են առաջանում ՀՀ իշխանության կողմից ՄԽ շրջանակում Արցախի խնդրի կարգավորման պնդումների վերաբերյալ՝ ինչ նպատակով եւ ինչ տրամաբանությամբ են դրանք արվում։

Ուշադրության արժանի է այն հայտարարությունը, թե Բաքուն հրաժարվել է երկաթուղու կառուցումից։ Սա հաստատում է այն պնդումները, որ հաղորդակցությունների բացման հարց գոյություն չունի, իսկ Մեղրիի միջանցքի շուրջ իրարանցումը կոչված է շեղել ուշադրությունը գլխավոր խնդրից՝ Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչումը։ Այսինքն, Փաշինյանն ու իր թիմակիցները հենց սկզբից խեղաթյուրել են սահմանազատման ու խաղաղ պայմանագրի շուրջ բանակցության նյութը, լծվելով ռուս-թուրքական հարյուրամյա ծրագրի իրագործմանը։ Բերձորի բնակավայրերի կապակցությամբ ԼՂԻՄ-ի հիշատակումը դրա հաստատումն է։

Նշենք նաեւ Ռուսաստանի ուղղությամբ կիսատ-պռատ ակնարկների պրակտիկայի շարունակումը եւ ռուսների խոստումներին հղումները (այդ ե՞րբ են ռուսները պահում իրենց խոստումները։ Այդ խոստումները վերջերս Երեւանում հիշեցնում էր նաեւ ՊՈՒ դաշինքի պատգամավորը)։ Սա նույնպես պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարության եւ սեփական իշխանությունը պահելու տրամաբանության մեջ, այլապես Փաշինյանը կպատմեր ողջ ճշմարտությունը, կամ համենայնդեպս այնքան, որքան իրեն հայտնի է։ Դա գուցե վտանգավոր կլիներ իր անձի համար, սակայն հնարավորություն՝ Հայաստանի համար։ Նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանն ընդհանրապես գիտակցաբար չեզոքացրեց բազմաթիվ առաջացած հնարավորությունները։

Ինչ է «ավետելու» Փաշինյանն իր հաջորդ ասուլիսում։ Դա կանխատեսելու համար շատ բան պետք չէ՝ պարզապես պետք է հետեւել Մոսկվայի ու Բաքվի համընկնող հայտարարություններին։ Թեեւ, դժվար է ասել, թե մինչ հաջորդ ասուլիս ինչեր կարող են կատարվել։ Փաշինյանն, օրինակ, խոսում էր Բաքվի կողմից նոր պատերազմի լեգիտիմացմանն ուղղված հայտարարությունների մասին, հանրության հանդեպ շանտաժի եւ իրավիճակին համակերպելու տրամաբանությամբ։ Գերիների խնդրի հիշատակումը նույնպես համատեղ շանտաժի մասն է։

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի շուրջ նոր զարգացումների համատեքստում Մոսկվան իսկապես կարող է հրահրել նոր պատերազմ՝ այդ զարգացումներին դիրքավորվելու համար համապատասխան «ճշգրտումներ» կատարելու նպատակով։ Հայաստանն ու հայերը մնում են «հարմար զոհի» կարգավիճակում՝ ռուսահպատակ ու ռուսանպաստ իշխանությամբ ու խորհրդարանի «ընդդիմությամբ», որոնք կատարել են իրենց ընտրությունը եւ ձեռք-ձեռքի Հայաստանը տանում են անէացման ճանապարհով, հրաժարվելով խորհրդարանում հայկական շահերի վերաբերյալ ինքնիշխան որոշումների կայացումից։

lragir.am

(Visited 89 times, 1 visits today)