Ինչ ծնող որ պարապությունն ավելի է սիրում , քան աշխատելը, այնպիսին թող չհուսա, որ լավ զավակ կունենա կամ լավ ամուսին…

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. ԿՆՈՋ ԿՈՉՈՒՄԸ

Կնոջն կոչումն է լինել մայր: Կինը մայրական սիրտ պիտի ունենա դեպի իր զավակները, այլև դեպի ամեն մարդ: Ամեն գործում, ամեն քայլափոխում պիտի երևա, որ նա մի գթասիրտ, մի բարի և առաքինի մայր է: Ինչ որ վատ է, կոշտ է, տգեղ է, անիրավ է, անգութ է, բնավ երբեք հարմար չէ և ոչ վայելուչ կին սեռին:

Կանայք ի բնե այսպես են և ինչպես որ մի առանձին հակում ունեն դեպի արտաքին զարդարանքները, նույն հակումն ունեն և դեպի այն ամենը, ինչը որ գովելի է, սիրելի է, հարգելի է, այսինքն դեպի հոգեկան զարդարանքները:

Իհարկե, այս ամենը լինում է ժամանակի հասկացողության համեմատ, բայց ինչ ժամանակ էլ, որ լինի, կինը միշտ բարու և գեղեցիկի կողմն է հակվում ավելի շատ, քան թե տղամարդը, որ եթե մի բարի բան է անում, այդ էլ լինում է դարձյալ կնոջ շնորհիվ:

Զավակի բարոյական կրթության պատասխանատուն մայրն է, եթե բարոյակիրթ է զավակը, փառք և պարծանք նրա մորը, իսկ եթե չարակիրթ է` սուգ և տրտմություն մորը:

Այսպես էլ ճիշտ՝ եթե մեկ մարդ ամուսնանալուց հետո ազնվանում է՝ փառք ու պարծանք նրա կնոջը, իսկ եթե անազնվանում՝ անբարոյականանում՝ ամոթ և նախատինք նրա կնոջը:
Թող ամեն կին փորձի մայրական սեր և հոգս տածել դեպի ամուսինը և կտեսնի իր արարքի հրաշալի ներգործությունը:

Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվա՛ռ կլինի ինքը, թշվա՛ռ կլինի և նրա ամուսինը, թշվա՛ռ կլինի և ամբողջ գերդաստանը: Կինը պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու:
Կնիկ կամ կին` կյանք ասել է: Գոնե հայոց լեզվում այսպես է: Ադամը Եվային տեսնելով ասում է. «Մայր»:
Մաշտոցի լեզվով.

«Սա եղեցի ինձ ի կեանս», որ կնշանակի՝ սա ինձ համար կլինի կյանք: Եթե այս այսպես է միայն հայոց լեզվի մեջ, ուրեմն փառք ու պատիվ մեր պապերին, որ կնոջը ԿԵԱՆՔ (Կյանք) են համարել, որ և հարմար է գալիս կնոջ բնական կոչմանը:
Հարազատ մոր հատկությունը միայն այն սիրային փայփայանքը չէ, որ տածում է ամբողջ գերդաստանի վրա, այլև նրա տանտիկինությունը, ժրությունը, տնտեսվարությունը, խնայողությունը, և որ մեծն է ամենից` աշխատասիրությունը: Ինչ ծնող որ պարապությունն ավելի է սիրում , քան աշխատելը, այնպիսին թող չհուսա, որ լավ զավակ կունենա կամ լավ ամուսին:

Դատարկաշրջիկ և խաղամոլ կինը մի ցեց է թե՛ իր տան, և թե՛ հասարակության համար: Թող ունենա միլիոն կարողություն, եթե նա պարապություն է սիրում, փախչում է ձեռքի ու մտքի աշխատանքից և դատարկաբանության ու պճնասիրության է մատնում իրան, այնպիսին երբեք երջանկություն ճաշակել չի կարող:

Սիրալիր մայր լինելը կնոջ բնական կոչումն է: Սիրալիր մայր չեղողը սիրալիր ամուսին լինել ևս չի կարող:

(Visited 4 696 times, 1 visits today)