Ինչ սարսափելի աղմուկ-աղաղակ կբարձրացնեին Մոսկվայում, եթե Հայաստանում նման բան լիներ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Բաքվում ՌԻԱ Նովոստի պետական գործակալության արգելափակմանը, ասել է, թե Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն:

Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ:

«Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից», ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Բաքվում ՌԻԱ Նովոստին արգելափակել են այն բանից հետո, երբ հրապարակվել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը։ Այնուհետեւ ՌԻԱ-ն հեռացրել էր հարցազրույցը Բաքվի պահանջով։

Դատելով Զախարովայի պատասխանից, նա այս պատմության համար փաստացի մեղադրում է ՌԻԱ Նովոստիին եւ Արտակ Բեգլարյանի հարցազրույցը բնորոշում ֆեյք եւ ապատեղեկատվություն, որի դեմ պատրաստ են պայքարել Բաքվի հետ համատեղ։ Ով կկասկածեր. Բաքվի հետ համերաշխությունն ու առաջնորդությունը դրսեւորվում է ամենուր՝ ՀՀ տարածք ներխուժումների, հայկական մշակութային ժառանգության, Երկրորդ աշխարհամարտի հուշարձանների ոչնչացման թեմաներից մինչեւ մեդիա ոլորտ։

Հիշվում է, ինչ վայնասուն բարձրացավ Մոսկվայում ու նրա երեւանյան ագենտուրայի շրջանում, երբ Հայաստանում փորձ արվեց ռուսական պետական հեռուստաալիքներն ընդամենն անջատել հանրային մուլտիպլեքսից, ինչպես պահանջում է ՀՀ օրենքը։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 173 times, 1 visits today)