«Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման ***-ը հետ գա». Ռուբեն Վարդազարյանը գաղտնի արված ձայնագրություն է հրապարակել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարի 20-ին իր ունեցած զրույցի ձայնագրությունը:

Նա նշեց, որ այն հրապարակելը իր կյանքում կայացրած ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, մինչև հիմա չի հրապարակել, որովհետև սպասել է, որ խորհուրդը ողջամիտ կգործի և ծայրահեղ քայլերի չի դիմի․ «Այն ցինիզմը, որը տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում, ինձ թույլ է տալիս այսօր հրապարակեմ ձայնագրությունը։ Ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, ես շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման և խնդրել եմ ձայնագրեն իմ և Ջհանգիրյանի խոսակցությունը»։

Նա նշեց, որ ձայնագրությունը և ձայնագրող սարքը Հայաստանում չեն ու զգուշացրեց, որ ձայնագրությունում հայհոյանքներ են հնչում։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը ասում է, որ չի ուզում Ռոբերտ Քոչարյանի նման մեկը հետ գա․ «Հազիվ էդ կլանից պրծել ենք ու եթե ես իմանամ՝ Վանեցյանն ու Ղազինյան Արթուրն են գալու, կեթամ, կկանգնեմ կողքները։ Բայց ես գիտեմ, որ գալուա դաշնակն ու էդ Ռոբերտ Քոչարյանը (այստեղ Ջհանգիրյանը հայհոյանք է հնչեցնում-խմբ․)։ Սերժն էլ չի գալու, լավ իմացի։ Դոդը (Գագիկ Ծառուկյանը-խմբ․) բերելուա Քոչարյան Ռոբերտին»։

Վարդազարյանը նշեց, որ ձայնագրությունը, ընդհանուր, մոտ 2 ժամ է տևում, ինքը հրապարակել է դրա 14 րոպեն։

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ հրապարակված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:

Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։

Մանրամասները՝ ավելի ուշ։

(Visited 658 times, 1 visits today)