Վարուժան Ավետիսյանի մայրը գրառում է կատարել.

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի մոր՝ Ռոզա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Վարուժանիս հերթական անգամ վատ վիճակով տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ես գնացի տեսակցության։ Երբ տեսա ամբողջովին այտուցված, ազոտը շատ բարձր, հարցրեցի՝ իսկ իրեն այդ վիճակով կարելի՞ է տեղափոխել արտասահման բուժվելու, նա պատասխանեց.

— Մա՛մ ջան, ես Հայրենիք եմ կորցնում, իսկ դու ասում ես՝ տեղափոխեն արտասահման։ Չե՛մ ուզում, դրա ժամանակը չի։

Իսկ դու, Նիկո՛լ, արտասահմանում բուժվելու բոլոր ճանապարհները փակեցիր և Պուտինին հաճոյանալու համար կալանավորեցիր որդուս, ով կյանքն էր դրել հայրենիքի փրկության զոհասեղանին։

Նիկո՛լ, դու իրավունք չունես վտանգել որդուս կյանքը։

Լսում եմ ասածներդ 2016թ. Սասնա Ծռերի ապստամբության օրերին և տեսնում ներկայումս կատարածդ քայլերը ու չգիտեմ՝ ինչպես կոչել քեզ այդքանից հետո։

Նիկո՛լ, Վարուժան նշանակում է արու թռչուն, դու իմ գանձին անհիմն փակեցիր երկաթե վանդակում։ Բա՛ց արա այդ վանդակի դուռը, բա՛ց թող իմ գանձին, որ նրա հայրենանվեր մտքերն ու գաղափարները ծառայեն իր սիրելի հայրենիքին։
Ազատությո՛ւն իմ հզոր որդուն և իր հերոս ընկերներին։ Ազատությո՛ւն Սասնա Ծռերին»»:

(Visited 494 times, 1 visits today)