Պուտինը եւ Մակրոնը հայտարարեցին մեծ պատերազմի մասին

ՌԴ նախագահ Պուտինը Պետրոս Առաջինի 350-ամյակի կապակցությամբ ելույթում հայտարարեց, որ ինքը անում է նույնը, ինչ Պետրոսը՝ վերադարձնում է հողերը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող գոյատեւել առանց «հողերը վերադարձնելու», այսինքն՝ պատերազմների, եւ ռուսական հանրությանը կոչ է արել պատրաստվել այդ հեռանկարին՝ եթե ելնում ենք այդ գիտակցումից, եւ դրա համար մեզ շատ մարդիկ են պետք, ասել է ՌԴ նախագահը։

Մարտի 17-ին՝ Ֆրանսիայի նախագահի ընտրության շեմին Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է վերադառնալ եվրոպական մայրցամաք։ Նա ասել է, որ Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կկազմի 50 միլիարդ եվրո եւ խոսել զինված ուժերում պահեստազորայինների թվի կրկնապատկման և ոստիկանության ու ժանդարմերիայի թվի ավելացման մասին։

Վերընտրվելուց հետո, ապրիլի 25-ին Մակրոնը ֆրանսիացիներին կոչ է արել պատրաստվել «դժվարին, բայց պատմական ժամանակաշրջանին»: Մայիսի 5-ին, երդմնակալությունից հետո խոստացել է անել ամեն բան, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»:

Հունիս 13-ին Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան թեւակոխել է ռազմական տնտեսության շրջան, որտեղ երկիրն այլևս չի կարող ապրել «տարեկան ծախսերի ծրագրավորմամբ»։

Զինված ուժերը զարգացնելու մասին է հայտարարել նաեւ Գերմանիայի կանցլեր Շոլցը, նշելով, որ այդ նպատակով առաջիկա տարիներին տրամադրվելու է 100 միլիարդ եվրո։ Նա խոստացել է, որ գերմանական բանակը լինելու է ամենախոշորը Եվրոպայում։ Ընդհանրապես, Ուկրաինա ռուսական ներխուժումը խթանել է ռազմականացման միտումները տարբեր երկրներում, միեւնույն ժամանակ՝ անվտանգության նոր համակարգերի վերաբերյալ քննարկումները։

Եթե Ռուսաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի պարագային ռազմատենչ ագրեսիվությունը կապվում է ներքին լարումը թուլացնելու եւ «արտահանելու» ձգտման հետ, Ֆրանսիայի ու Գերմանիայի ռազմական պատրաստությունները փորձագետները բացատրում են Ուկրաինայի հարցում «սեպարատ քաղաքականությամբ», որը հանգում է Ռուսաստանին զիջումների գնալուն։ Սակայն սա խնդրի մի կողմն է․ ՌԴ-ն ու Թուրքիան լուծում են գոյատեւման խնդիր, Գերմանիան ու Ֆրանսիան՝ նոր աշխարհակարգում «իրենց խոսքը լսելի դարձնելու», այսինքն՝ Եվրոպայում եւ աշխարհում առաջատար դիրքերը պահելու խնդիրը, որը վտանգված են համարում Ուկրաինայի հնարավոր հաղթանակի դեպքում։ Այս համատեսքտում իմաստավորվում են անկախանալու վերաբերյալ այս երկրների ղեկավարների հայտարարությունները։

Հայաստանում կյանքը մտնում է հունի մեջ. «Խաղաղ դարաշրջանի» հաղթարշավի ֆոնին սկսել է փառատոնների սեզոնը, բանակի «բարեփոխումները» շարունակվում են բուռն թափով, եռակողմ հանձնաժողովները սկսել են աշխատել՝ սահմանների, բացվելիք ճանապարհների դայլայլով, հաճախացել են Կիեւյան, Դավթաշենի կամուրջներից եւ այլ բարձր տեղերից ինքնանետումները, մեծացել է խոշոր ավտովթարների վերաբերյալ հաղորդագրությունների ու պոպսայի նորությունների հանդեպ հանրային ուշադրությունը։

lragir.am

(Visited 311 times, 1 visits today)