Պուտինը փակեց «հատուկ գործողությունն» Ուկրաինայում

Ուկրաինա ներխուժումից ի վեր Կրեմլը մի քանի անգամ փոխել է «հատուկ գործողության» նպատակները, կախված ռազմաճակատում եւ արտաքին քաղաքական ճակատում իրավիճակի հետ։ Նախնական հայտարարված նպատակը՝ բլից-կրիգով Ուկրաինայի «դենացիֆիկացիա եւ ապառազմականացում» եւ Կիեւում խամաճիկ ռեժիմի հաստատում, փոխվեց ռազմաճակատում կրած անհաջողությունների ու մեծ կորուստների, ինչպես նաեւ կոշտ պատժամիջոցների հետեւանքով։ Դրանից հետո Կրեմլը սկսեց խոսել Դոնբասի խորհրդային վարչական սահմանները վերականգնելու հարցում Դոնբասի հանրապետություններին աջակցության մասին, որը կարող է տարածվել նաեւ Ուկրաինայի ողջ հարավի վրա։ Կրեմլը ժխտում էր, որ դա պատերազմ է։

Հունիսի 9-ին Պետրոս Առաջինի 350-ամյակին նվիրված ցուցահանդեսին Պուտինի ելույթը Կրեմլի նոր նպատակների պաշտոնական հռչակում էր։ Ավելի ճիշտ, Պուտինն այդպիսով բացահայտեց Կրեմլի իրական նպատակները, որոնք ավելի վաղ քողարկվում էին իրավիճակային նպատակադրումներով։ Իրեն համեմատելով Պետրոս Առաջինի հետ, ով «ոչ թե տարածքներ էր գրավում, այլ վերադարձնում էր, եւ մենք էլ հիմա նույնն ենք անում», եւ հիշատակելով 20-ամյա պատերազմը, Պուտինը խոստովանում է, որ Ուկրաինայում ոչ մի «հատուկ գործողություն» չկա, այլ՝ պատերազմ տարածքները «վերադարձնելու» համար։

Փորձագետները Պուտինի այս կտրուկ աշխուժացումը կապում են արտաքին ու ներքին հանգամանքների հետ։ Նրան հնարավոր է ոգեշնչել է Եվրոպայում Գերմանիայի ու Ֆրանսիայի գլխավորությամբ «Պուտինին չնվաստացնելու» եւ Ուկրաինային տարածքային զիջումներ պարտադրելու շարժումը, որին հարում է նաեւ ամերիկյան իսթեբլիշմենթի մի որոշակի հատված։ Ներքին հանգամանքները պայմանավորված են նրանով, որ ՌԴ բնակչության ավելի լայն շերտեր սկսում են զգալ պատժամիջոցների հետեւանքները եւ հարցեր են տալիս «հատուկ գործողության» երկարաձգման ու խոշոր կորուստների կապակցությամբ, որոնք արդեն անհնար է կոծկել սպառնալիքներով ու ծածուկ հուղարկավորումներով։

Պետրոս Առաջինի նմանությամբ գործելու պուտինյան նպատակն անշուշտ միայն Ուկրաինային չի վերաբերում։ Ունիտար կայսրության գաղափարը Կրեմլում շոշափում են վաղուց, Պուտինը հետխորհրդային երկրներին անվանում է գաղութներ, որոնք որեւէ հեռանկար չունեն։

lragir.am

(Visited 936 times, 1 visits today)