Կաթողիկոսի եղբորորդին կալանավորվեց

Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն.Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ.Գ.-ի և Ն.Ա.-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։

Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ.Ն.-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ձերբակալված դատախազը Կորյուն Ներսիսյանն է, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է:

Քիչ առաջ դատարանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ բավարարեց նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ներսիսյանը 2 ամսով կալանավորվեց:

(Visited 83 times, 1 visits today)