Լավրովի «լեզվի սայթաքումը»․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

ՌԴ ԱԳՆ-ն կատարել է Բաքվի պահանջը եւ փոխել Լավրովի երեւանյան ասուլիսի տեսքտը, այն ներդաշնակեցնելով Բաքվի ԱԳՆ-ի հայտարարության ձեւակերպումների հետ։ Լավրովի երեւանյան կարծիքներ հնչեցին, որ եթե Փառուխի մասին Լավրովի հայտարարությունը լեզվի սայթաքում չէր, նշանակում է կարող է խոսք լինել Արցախի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին, ընդհուպ՝ Հադրութի ու Շուշիի վերադարձով։

Առաջին դեպքը չէ. «Ադրբեջանը խաղում է ռուս խաղաղապահների հեղինակության հետ», «Պուտինը Շոյգուին հրահանգել է անմիջականորեն զբաղվել Փառուխի հարցով ու հետ քշել ադրբեջանցիներին», «ռուս-ադրբեջանական հակասությունները խորանում են, եւ ռուսները կարող են հետ վերցնել Շուշին ու Հադրութը» եւ նման այլ արտահոսքերը հայերի դեմ հիբրիդային պատերազմի մասն են։ Լավրովի երեւանյան հանդիպումներին հնչեցրած կենացներն ու շաղակրատանքը նույնպես այդ ժանրից են։

ՌԴ ԱԳՆ-ի փոխած տեքստը սակայն ամեն ինչ տեղն է գցում, այդ թվում՝ Լավրովի «լեզվի սայթաքումը»․ դրանում պարզապես հաստատվում է, որ Բաքվի ներխուժումը ինչպես Փառուխում, այնպես էլ «ՀՀ սուվերեն տարածք» տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ Հայաստանին խորհրդային քարտեզներով սահմանազատում պարտադրելու համար։ Ինչ է այն ենթադրում՝ Արցախի եւ Նախիջեւանի (որն ընդամենը հայկական ինքնավարություն է՝ 1921-ի Կարսի պայմանագրով ժամանակավորապես փոխանցված «Ադրբեջանի խնամակալությանը»)՝ Բաքվի պատկանելությանը ճանաչում։

Պետք է հիշել նաեւ ՌԴ եւ ՀԱՊԿ արձագանքները «ՀՀ սուվերեն տարածք ներխուժումների» կապակցությամբ՝ մենք չենք կարող կատարել մեր պայմանագրային պարտավորությունները, քանի դեռ սահմանազատում չի կատարվել։ Այսինքն՝ Հայաստանը տարածք ու սահմաններ չունի։

Փառուխի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ճշտած տեքստի իմաստը հետեւյալն է՝ սահմանազատումից հետո Փառուխի եւ նման այլ խնդիրների լուծումը տեղի կունենա ավտոմատ, քանի որ կճանաչվի Արցախի պատկանելությունը Բաքվին, եւ այդ խնդիրները պարզապես չեն լինի։

Եթե նույնիսկ ելնենք այն հանգամանքից, որ կան ռուս-ադրբեջանական հակասություններ այս հարցերի շուրջ, եւ ռուսական կողմը նման ակնարկներով ինչ որ բան է ուզում հասկացնել Բաքվին, դրանից իրավիճակը չի փոխվում՝ ամեն ինչ ի վերջո կարգավորվում է հայերի ու հայկական տարածքների հաշվին։

Հանուն արդարության նշենք, որ Փառուխի խնդիրը իշխանությունը պարբերաբար բարձրացնում է Մոսկվայի առաջ, երեկ ԱԳՆ առջեւ բարձրացրեց նաեւ ՀՀԿ պատգամավորը։ Սակայն հարցը չպետք է սահմանափակվի մեկ դեպքով, այլ՝ պահանջների ու պատասխանատվության ավելի լայն համատեքստում։ Ռուսաստանին եւ մյուսներին պետք է ոչ թե հույս տալ ու հույս հայտնել, այդ հստակ դնել պարտավորությունների կատարման հարցը, Հայաստանի գործողությունները պայմանավորելով բացառապես դրանով։ Դա է արդյունքի հասնելու ճանապարհը։

Քարագլխում պարզապես հայկական հողի գողության ռուս-թուրքական հերթական համատեղ ակտը չէր, այլ այդ մեխանիզմի բացահայտումը եւ հասկանալի դառնալը հանրության լայն շերտերի համար։ Դա է ռուսական կողմի նյարդային պահվածքի ու հայերին «արտահոսքերով» սիրաշահելու պատճառը՝ որեւէ պարտավորություն չկատարելու համար, միջանցքների բացման ու սահմանազատման նախօրեին։

ՀԳ. Ռուսական զորքը Արցախ է մտցվել Հադրութը և Շուշին Բաքվին հանձնելու դիմաց։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 330 times, 1 visits today)