Այդ թվականներին գնդակահարվեց թվով մոտ 91 հոգևորական. ձերբակալվեց մոտ 15 հազար մարդ, որոնցից մոտ 4500-ը գնդակահարվել են. կյանքը Խորհրդային տարիներին

1936 թվականի հուլիսի 9-ին, երբ Թիֆլիսում սպանվեց Աղասի Խանջյանը, Խորհրդային Հայաստանի բռնաճնշումների հիմքը դրվեց։ 1930-1938 թթ. ընթացքում Խորհրդային Հայաստանում ձերբակալվեց մոտ 15 հազար մարդ, որոնցից մոտ 4500-ը գնդակահարվել են։

Հենց այդ նույն ժամանակաշրջանում եկեղեցիների փակվելու հետ մեկտեղ՝ գնդակահարվում էին նաև հոգևորականները։ Այդ թվականներին գնդակահարվեց թվով մոտ 91 հոգևորական։ Սրանք թվեր են, որոնք միգուցե մի փոքր ավելին պիտի լինեն, կամ էլ մի փոքր պակաս, սակայն սրանք ցույց են տալիս, թե իրականում ի՞նչ էր կատարվում այդ ժամանակաշրջանում։

Մարդիկ գնդակահարվում էին անգամ այն փաստի համար, որ պատերի տակ բարձրաձայն խոսել են, թե իբր Աղասի Խանջյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։ Խանջյանի թաղման մասին կան մի շարք հուշեր, որոնցում հուշագիրները մանրամասն պատմում են, թե ինչ էր կատարվում այդ օրը Երևանում։ Ոստիկաններն ամեն ինչ անում էին, որպեսզի դադարեցնեն մարդկանց հոսքը դեպի Խանջյանի տուն։

Այդ օրերը նման էին Միքայել Նալբանդյանի հուղարկավորության օրերին, երբ Նոր Նախիջևանում մարդիկ ինքնաբուխ դուրս եկան փողոց և սկսեցին Նալբանդյանով շունչ ու ոգի առնել։ Խորհրդային տարիներին մարդիկ գնդակահարվում էին՝ տանը Նժդեհից, Չարենցից, Թոթովենցից, Բակունցից ու այդ շրջանի արգելված այլ հեղինակներից գրքեր ունենալու համար։

Մինչ օրս հեշտ է գրախանութներում գտնել գրքեր, որոնք 30-ականներին «Հայպետհրատում» աշխատելու տարիներին տպագրել է Չարենցը։ Անզեն աչքով էլ երևում է, որ այն գրքերում, որոնցում Չարենցի կամ Թոթովենցի անունը կա, ուղղակի գրիչով ջնջված է։ Այսպիսին էին ժամանակները, և այս բռնաճնշումների մասին դեռ առանձին կխոսենք։

Այդ տարիներին էր, որ կարծես թե Նացիստական Գերմանիան ու Խորհրդային Ռուսաստանը մրցում էին՝ ո՞վ ավելի շատ մարդու կուղարկի աքսորավայր և ո՞վ ավելի դաժան կգտնվի։ Հատկապես հայ իրականության մեջ շատ էին այն մեծ մտավորականները, ովքեր աքսորվեցին։ Հայ անվանի գրողներ Վահրամ Ալազանն ու Գուրգեն Մահարին շատ երկար տարիներ անցկացրել են աքսորավայրերում։ Հատկանշական է, որ այս երկու մեծ հեղինակներին էլ մեղադրում էին՝ իբր Բերիայի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

Գուրգեն Մահարին իր աքսորավայրի կյանքը ներկայացնում է «Ծաղկած փշալարեր» երկում, իսկ Ալազանը՝ հետմահու տպագրված «Տառապանքի ուղիներով» գրքում։ Այս գրքերից հատկապես շատ կարևոր է Ալազանի գիրքը, որում շատ են տեղեկությունները ժամանակաշրջանի մասին։ Ալազանը 1936 թվականին 10 տարով աքսորվում է, և 1946 թվականին երբ վերադառնում է Երևան, նրան չեն թողնում, որպեսզի ապրի Երևանում, և տեղափոխվում է Աշտարակ։

Սակայն 3 տարի անց նա նորից է աքսորվում, սակայն այս անգամ՝ ցմահ։ Եվ միայն Ստալինի մահից հետո՝ 1954թ., նա մի շարք այլ հայ գրողների հետ միասին արդարացվում է։ Ալազանի գրքից ենք տեղեկանում, որ Բակունցը գնդակահարությունից առաջ Տերյան էր արտասանում, Չարենցին հետապնդում էին Խանջյանի թաղման ժամանակ։

Տեղեկանում ենք, թե ինչպիսի՞ն էին պայմանները Երևանի բանտում և Սիբիրի ու այլ աքսորավայրերում։ Խորհրդային իշխանությունները չէին խնայում անգամ անչափահաս երեխաներին։ 1940 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ 12-ամյա երեխաներին կարող էին գնդակահարել, օրինակ, երկաթգիծը կամ այլ շինություններ վնասելու մեղադրանքով։

Պատահականություն չէր, որ խորհրդային բանտերում ու ճամբարներում գտնվողների 48 %-ը կազմում էին 16-24 տարեկանները։ Սակայն այս գրքում կա մի շատ կարևոր դրվագ, որում Ալազանը ներկայացնում է Սիբիրյան աքսորավայրի ամենադաժան ու սարսափելի կողմը։ Աքսորավայրում մարդիկ օրական ստանում էին 1 բաժակ տաք ջուր և 200 գրամ հաց, և երբեմն ոմանք դա էլ չէին ստանում, քանի որ իրենք ինչ-որ բան այն չէին արել։ Եվ շատ դեպքերում լինում էր, որ մարդկանց սովն այնքան էր տանջում, որ գոյությունը պահպանելու համար ստիպված էին ուտել մարդկային միս։ Սա որքան էլ սարսափելի է, այնուամենայնիվ իրականություն է։ Եվ այս ամենի մասին իր գրքում գրում է հենց Ալազանը.

«Աշխատանքից փախչելու համար քրեականները ուր ասես չէին թաքնվում։ Ճամբարին կից կար դիարան։ Այնտեղ որպես պահակ աշխատում էր սպիտակամորուս պատկառազդու մի ծերուկ։ Իմացա, որ փիլիսոփայական գիտությունների դոկտոր է եղել։ Նա ամեն օր, որպես բարեխիղճ աշխատող, աշխատանքի վերջում հաշվում էր իր դիակները, ապա ճամբար վերադառնում (եթե դիարանի դուռը բաց էին տեսնում, քաղցած քրեականները դիակ էին գողանում, եփում և ուտում)։ Մի երեկո քաղաք վերադառնալիս ծերունին հաշվում է 17 դիակ։

Առավոտյան հաշվելիս տեսնում է մեկով ավելացած։ Իրեն չհավատալով՝ մի քանի անգամ հաշվում է և տեսնում 18 դիակ։ Այդ ժամանակ դիակների միջից մի ձայն է լսում»։ (Վահրամ Ալազան «Տառապանքի ուղիներով» Երևան, 1990թ.)։

Իրականում Ալազանը ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջանի ողբերգություն, որ խտացած է մեկ գրքի մեջ։ Սա հուշագրություն լինելուց զատ՝ նաև մեծ տեղեկություններ է տալիս Ստալինյան բռնաճնշումների մասին։ Աքսորավայրում սովամահությունից փրկվող մարդիկ այդ պետության մարդիկ էին, ովքեր տեղ չունեին այդ արևի տակ, քանի որ համարձակվել էին փսփսալ ու Խանջյանին չհամարել ինքնասպանություն գործած մարդ, քանի որ համարձակվել էին Չարենցի կամ Նժդեհի գիրքն ունենալ, համարձակվել էին գաղտնի մկրտություն կատարել ու մատնվել էին հենց իրենց հարևանի կողմից։ Ժամանակաշրջանն էր այսպիսին։ Ու դա էր պատճառը, որ այս արհավիրքը տեսնելուց հետո Վահրամ Ալազանը 1956-1966 թվականներին գամված էր անկողնուն։ Նա կաթվածահար եղավ, քանի որ տեսել էր խորհրդային պետության աքսորավայրը։

Ա. Զարգարյան

Վահրամ Ալազան

(Visited 216 times, 1 visits today)