Ով էր ԼԵՆԻՆԻ հռչակավոր արձանի ՀԱՅ հեղինակն ու ԽՍՀՄ-ի պարծանքը

1918 թ. ապրիլի 12-ին Ռուսաստանի ժողկոմխորհը դեկրետ ընդունեց «Հանրապետության հուշարձանների մասին», իսկ հուլիսի 30-ին հաստատեց պատմական անձանց ցանկը, ում հուշարձանները պետք է տեղադրվեին Ռուսաստանի քաղաքներում։ Այդ ցանկից Մերկուրովն արդեն ուներ երկու պատրաստի գրանիտե քանդակ՝ Լ. Ն. Տոլստոյի (1912 թ.) եւ Ֆ. Մ. Դոստոեւսկու (1914 թ.)։

Ա. Վ. Լունաչարսկու գլխավորած հատուկ հանձնաժողովը ընդունեց երկու քանդակներն էլ, թեեւ որոշ ժամանակակիցներ քննադատաբար վերաբերվեցին հատկապես Դոստոեւսկու արձանին. ոմանց դուր չէր եկել, որ քանդակագործն աշխատում էր գրանիտով։ Իսկ ցանկում միայն մշակույթի գործիչները չէին. առաջին տեղում, իհարկե, հեղափոխության առաջնորդն էր, ում ժամանակին ոչ միայն հավատում ու վստահում էին, այլեւ մեծարում առանձնահատուկ կերպով։

Մերկուրովն անձամբ էր ծանոթ ստեղծագործական նյութի հերոսներից շատերին, այդ թվում եւ Լենինին։ Հեղափոխության, այսպես կոչված, կարկառուն գործիչների քանդակները վստահեցին Սերգեյ Մերկուրովին։ Լենինի ամենամեծ արձանը բարձրացավ Երեւանի կենտրոնում՝ Լենինի անվան հրապարակում, այնուհետեւ՝ Դուբնայում, Մոսկվայում, Ուֆայում եւ այլուր. շատ քաղաքներում տարածվեցին դրանց կրկնօրինակները. հեղափոխական աշխարհը շնչում էր առաջնորդի կերպարով…

Ամենաազդեցիկը, թերեւս, «Առաջնորդի մահը» խմբաքանդակն է, որի վրա Մերկուրովն աշխատել է շուրջ 25 տարի՝ 1924-49 թթ., օրը 14 ժամ։ Նա ստեղծել է մշակութային բազմաթիվ գործիչների ամենատարբեր քանդակներ։ Ուշադրության են արժանի հետմահու դիմակների քանդակները, որոնք Մերկուրովը հասցրեց բարձրագույն տեխնիկայի։

Առաջին հետմահու դիմաքանդակը Խրիմյան Հայրիկինն էր, որը ստեղծելու նպատակով էլ 1907 թ. Փարիզից վերադարձել է Հայաստան։ Այնուհետեւ պատվերները հերթ չէին տալիս մեկը մյուսին, եւ այդպես ստեղծվեցին 300-ից ավելի հետմահու դիմաքանդակներ, որոնցից են նաեւ տուն-թանգարանում տեղ գտած Լեւ Տոլստոյի, Հովհաննես Թումանյանի, Լենինի, Ալբերտ Էյնշտեյնի եւ այլոց դիմաքանդակները։

Մերկուրովն ստեղծել է նաեւ խոհափիլիսոփայական բնույթի, խորհրդանշական քանդակներ, ինչպես «Վիշտ» քանդակը, որ գրավում է հուզականությամբ, մարմնի պլաստիկայի արտահայտչականությամբ. մենակություն, անհուսություն արտահայտող մերկություն, անհաղորդ, ծնկաչոք կքած, գլուխը ափերի մեջ առած, ինքն իր մեջ ներքաշված տղամարդու անփարատելի վիշտ…

Իսկ «Միտք» քանդակը, որ ասես կյանքի ու մահվան, հավերժի ու անցողիկի խորհրդածություն լինի, դրված է հեղինակի գերեզմանին… Սերգեյ Մերկուրովը վախճանվել է Մոսկվայում, 1952 թ. հունիսի 8-ին, հուղարկավորվել Նովոդեւիչյան գերեզմանատանը։

nurblog

 

(Visited 366 times, 1 visits today)