«Մայրը և որդին». Արշիլ Գորկի. Մի նկարի պատմություն

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

Երբ ֆրանսիացիները նշեցին Պաբլո Պիկասոյի քսանամյակը, քննադատներից մեկը գրեց. «Նրան չհասկացան»:

Եթե աշխարհի բոլոր մայրցամաքներում հռչակ վայելող արվեստագետին չեն հասկացել իր ժամանակակիցները, ապա ինչ կարելի է ասել ամերիկյան արվեստի դասականներից մեկը դարձած հայի մասին, որը 44 տարիների կուտակած իր հարուստ, խորունկ էությունը այրեց՝ առանց երկմտելու:
Առանց տատանվելու Ոստանիկ Ադոյան-Արշիլ Գորկին նետվեց կյանքի և արվեստի մեծ կռվի մեջ, հիացավ իր մեջ ապրող անկրկնելի հայով և միաժամանակ երկու ճանապարհ անցավ՝ դեպի եվրոպական մշակույթ և դեպի Վան՝ հայկական մանրանկարչություն, բանահյուսություն, ազգագրություն:

Երկու տարերք էին խոյանում նրա մեջ՝ զգայական շերտն ու հեռատես միտքը: «Մինչ աչքս տեսնում է, ուղեղս ՝ հսկում. ես արվեստի միջոցով արտահայտում եմ իմ ամենանձնական ընկալումներն ու աշխարհայացքը: Հեռանալով սովորականից ու հայտնիից՝ ես ստեղծում եմ մի ներքին անսահմանություն: Սրանով պարտական եմ հայ արվեստին»:

Արշիլը որ թե ամբողջովին տարված էր արվեստով, այլ ուղղակի ինքը արվեստում, և արվեստն իր մեջ՝ բոցավառում էր մինչև այն օրը, երբ ինքնասպան եղավ՝ կտավակալի վրա գրելով՝ «Մնաք բարով, սիրելիներս»:
Արշիլ Գորկուն քննադատները համարում են ժամանակակից արվեստի ամենազարգացած, խելացի անհատականություններից մեկը.

«հին և արդի արվեստի բոցավառ հետազոտող» են նրան կոչում արվեստի նշանավոր ներկայացուցիչները:
«Երբեմն ինձ հաջողվում է որսալ հայրենիքի գույները, երբեմն չի ստացվում: Սակայն ես ձգտում եմ ստանալու կտավներիս վրա մեր երկրի հարուստ գույները, ցորենի ու ծաղիկների հրաշալի գույները: Սիրելիներս, գրեցեք լեռների ու դաշտավայրերի մասին: Երգեցեք Վանը»,_ կարդում ենք նրա նամակներում:

«Կարոտել եմ մեր սիրելի հայրենիքը: Մենք մեր հայրենիքի մի մասն ենք՝ չարաղետ փոթորիկներից շպրտված հեռու»,_ գրում էր Արշիլը՝ արդիապաշտ նկարները օտար քննադատների դատին հանձնելուց հետո: Իսկ քննադատները նրա չքնաղ նկարը՝ «Մայրը և որդին», դիտելուց հետո «մայրիկի աչքերը համարում են պիկասոյական, իսկ հայկական տխրությունը՝ բյուզանդական»: «Ես ուղղում եմ նրանց. ո՛չ, սիրելի պարոններ, դուք սխալվում եք, դրանք հայկական աչքեր են… Մեր աչքերը:

Մեր հայկական աչքերը ավելի շատ են խոսում, քան շուրթերը, և դեռ շարունակում են խոսել, երբ շուրթերն արդեն դադարել են խոսելուց»: «Մայրը և որդին» Գորկին նկարել է Վանում 1912-ին՝ լուսանկարված ութնամյա Ոստանիկի և մոր՝ Շուշանի դեմքերից: Արդեն լուսանկարում մոր դեմքը ասես նաիրյան հին ոգու խորհրդանիշն է, կատարյալ մաքրություն և անաղարտություն: Նա այնքան գեղեցիկ արտանկարեց մոր աչքերը, որ, թվում է, այդ աչքերի միջոցով ճանապարհորդեց դեպի իր հայրենիքի անընբռնելի գեղեցկությունները և հասավ իր տխրությանն ու տառապանքին, ահագնացող կարոտին:

Եթե Արշիլ Գորկին ստեղծեր միմիայն այս նկարը, բավական կլիներ նրան համարելու մեկը զորավոր հայերից, ովքեր ունակ են «տերևի խարշափին մեջ տեսնելու տիեզերական զորության գաղտնիքը և այդ փոքրիկ մասնավորեն մեկնիլ դեպի անհունը»:
Արշիլ Գորկին Հայաստանից մեկնեց Ամերիկա և երբեք այլևս չտեսավ իր հայրենիքը: Ջաջուռում ծնված մի նկարիչ՝ Մինաս Ավետիսյան անունով, իբրև հոգևոր ուսուցիչ ճանաչեց նրան՝ որդեգրելով նրա պայծառ գույները, խորունկ սերը դեպի մեր «անմահ հայոց աշխարհը»:

1948-ին Արշիլը վերջ տվեց իր կյանքին: Այդ օրվանից սկսած՝ նա պիտի ապրեր Հայաստանում՝ իբրև մեր փառքի և ճակատագրի անաղարտ խորհրդանիշ: Բայց այդպես չեղավ: Ոստանիկ Ադոյանին ուշ ճանաչեցինք: Մինչդեռ նրա ոգին վաղուց թափառում-սավառնում էր հայոց լեռներում:

Մ. Միքայելյան, «Գույն, նշան, գիր»

(Visited 794 times, 1 visits today)