ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՑ հետո աշխարհում ամենահայտնի ծովանկարիչը կրկին ՀԱՅ է. Ո՞վ է այդ նկարիչը…

Հովհաննես Այվազովսկուց հետո աշխարհին հայտնի հայ նշանավոր ծովանկարիչներից է Վարդան Մախոխյանը։ Նա ծնվել է 1869 թ. մայիսի 31-ին՝ Տրապիզոնում, նավահանգստային քաղաք, որի ափերը ողողում են Սեւ ծովի հարավային ջրերը։ Տրապիզոնը հայաշատ քաղաք էր։ Մախոխյանի ժամանակ այնտեղ 800 տուն հայկական բնակչություն կար, իսկ մինչեւ 1915 թվի եղեռնը՝ 14-15 հազար հայ։

Դեռ մանկուց Վարդանի ականջին ծովը մեղեդի էր բերում, իսկ աչքին՝ գույներ, գույներ, ու նա նվագում ու նկարում էր՝ վերցնելով ու վերադարձնելով ծովին նրա հարստությունները։ Ջութակն ու վրձինը՝ մեղեդին ու գույնը ներդաշնակում էին բնության ու նրա հոգու ելևէջներին, սակայն տաղանդն անհրաժեշտ էր կնքել պրոֆեսիոնալիզմով, եւ Մախոխյանը մեկնում է Բեռլին. այստեղ նրան դասավանդում են ժամանակի հայտնի նկարիչներից Էուժեն Բրախտը, նորվեգացի ծովանկարիչ Հանս Գուդեն, սակայն գագաթը Հովհաննես Այվազովսկին էր, եւ Մախոխյանը 1894 թ. մեկնում է Ղրիմ՝ մեծ ծովանկարչի արվեստանոց, իսկ երբ 1895-ին վերադառնում է Տրապիզոն, ականատես է լինում համիդյան ջարդերին։

Ստիպած էր փախչել Բաթում, որտեղից էլ մեկնել Եվրոպա, այստեղ էլ զբաղվել ստեղծագործական աշխատանքներով, մասնակցել ցուցահանդեսների։ Առաջին անգամ ցուցադրվում է Բեռլինում, 1900 թ., 1904 թ. դառնում Բեռլինի նկարիչների միության անդամ, որը նախագահում էր Վիլհելմ կայսրը, ով հայտնի էր նաեւ որպես նկարիչ։ Ծննդավայրը, սակայն, ձգում էր Մախոխյանին, եւ նա 1908-1914 թթ. կրկին ստեղծագործում է ծննդավայրում։

Սկսվում է Առաջին համաշխարհայինը. այս անգամ էլ Մախոխյանը ստիպված տեղափոխվում է Լոնդոն, կազմակերպում անհատական ցուցահանդես, այնուհետեւ մեկնում Ֆրանսիա, վերջնականապես հաստատվում Միջերկրականի ափին՝ Նիսում։ Նկարիչը, սակայն, տեղում նստողը չէր. նա ճանապարհորդում է եւ ուր էլ լինում է՝ գտնում է ստեղծագործական նյութ, բացում ցուցահանդեսներ, արժանանում տարատեսակ բարձրագույն մրցանակների, նրա մասին գրում է ժամանակի առաջադեմ մամուլը։

1915 թ. կոտորածներն ու հարազատների կորուստը, կարծես, առավել են ալեկոծում նրա անհանգիստ ներաշխարհը, եւ նա մեծ կտավով արտահայտվելու կարիք է զգում, գրում սիմֆոնիա՝ «Հայաստանի հեծեծանքը», որն առաջին անգամ հնչում է Մոնտե Կառլոյում՝ 1918 թ. հունվարի 13-ին, գնահատվում բարձր, գրավում տարբեր բեմեր ու սրտեր։ Սեւ ծովի ափին ծնված ծովանկարիչն ու երաժիշտը մահկանացուն կնքում է Միջերկրականի ափին՝ Ֆրանսիայի ծայր հարավ-արեւելյան Նիս քաղաքում:

nurblog

(Visited 2 084 times, 1 visits today)