Լավրովին Երեւանում կտա՞ն նույն հարցը, որը Իրանի ԱԳ նախարարն էր տվել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստիպված է եղել չեղարկել երկօրյա այցը Բելգրադ այն բանից հետո, երբ Չեռնոգորիան, Բուլղարիան և Հյուսիսային Մակեդոնիան կիրակի օրը արգելել են նրա ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով։ Սերբիա այցը նախատեսված էր հունիսի 6-7-ը։

«Ռուսական պատվիրակությունը պետք է ժամաներ Բելգրադ՝ բանակցությունների համար։ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները փակեցին օդային տարածքը, փակեցին կապի եւս մեկ ալիք», կիրակի երեկոյան իտալական La7 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սերբիայի անհաջող փորձից հետո Լավրովը հունիսի 8-ին թռչելու է Թուրքիա, որտեղ քննարկման հիմնական թեմաները կլինեն հացահատիկի տեղափոխումը և Սև ծովում անվտանգության միջանցքի բացումը, ասել է Չավուշօղլուն։ Անկարան հայտարարել է, որ մտադիր չէ միանալ հակառուսական տնտեսական պատժամիջոցներին։

Միաժամանակ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր գործողության մասին։ Փորձագետները կարծում են, որ Լավրովի այցի ընթացքում կքննարկվի Սիրիայում և Ուկրաինայում ռուս-թուրքական «հավասար կիսելու» հերթական համաձայնությունը։ Թուրքիան արգելափակում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Սիրիայում ռազմական ներխուժմամբ «անվտանգության գոտին» համաձայնեցնելով ռուսների հետ։

Թուրքիայից Լավրովը մտադիր է ժամանել Երեւան, որտեղ արդեն ակտիվ պատրաստվում են։ Հունիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել արձանագրությանը, որով Հայաստանը մտադիր է հրաժարվել հանրապետությունում հավաքագրված վտանգավոր հարուցիչների նմուշները ԱՄՆ պաշտպանության նախարարությանը փոխանցելուց։ Առաջարկվում է փոփոխություն մտցնել 2010 թ․ ստորագրված հայ-ամերիկյան համապաըտասխան համաձայնագրում։

Կենսալաբորատորիաներն այն թեմաներից է, որը Ռուսաստանը «ներկայացնում է» Հայաստանին և ԱՄՆ-ի հետ համագործակցող այլ երկրներին։ Լավրովի այցի նախօրեին, փաստորեն, Հայաստանը հրաժարվում է Վաշինգտոնի հետ համագործակցության կարեւոր ոլորտից։

Մինչ այդ, մամուլում տեղեկություն եղավ, որ կենսալաբորատորիաների հարցի լուծման դիմաց ընդդիմությունը կազատի Ֆրանսիայի հրապարակը, որտեղ մի քանի ամիս շարունակ բողոքի ցույց է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և արցախյան կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնելու պահանջով։ Թե ինչու է պահանջում եւ հրաժարական, եւ հստակեցնել՝ դժվար է ասել։ Կարեւորը՝ ռուսանպաստ ընդդիմությունն իր շարժումը ծավալում էր «կեցցե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը» կարգախոսի ներքո։

Լավրովին կբավարարի՞ կենսալաբորատորիաների վերաբերյալ Հայաստանի որոշումը։ Երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Լավրովը ժամանեց Հայաստան, Սերժ Սարգսյանը նրան հարցրեց, թե ինչպես դա հնարավոր դարձավ։ Հիմա Լավրովին կհարցնե՞ն, թե ինչպես կարող է պատահել, որ 2020 թվականին հայկական հողերը օկուպացվել են «Լավրովի պլանով», Ակնայում հայտնվել է ռուս-թուրքական հետախուզական միացյալ կենտրոն, Ռուսաստանը Հայաստանի տարածքում միջանցք է բացում դեպի Թուրքիա։

Ի դեպ, Լավրովն այդպես էլ չպատասխանեց Իրանի ԱԳ նախարարի հարցին՝ Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը, նկատի առնելով հայ-իրանական սահմանը եւ ԼՂԻՄ վարչական սահմանները։

lragir.am

(Visited 116 times, 1 visits today)