«Նա բնավորությամբ ո՛չ վագր էր, ո՛չ գայլ, այլ անտառի մեջ թափառող մեծասիրտ առյուծ». ՀԱՅ ֆիդայի, ում հռչակը տարածվել էր ողջ երկրով

«Նա բնավորությամբ ո՛չ վագր էր, ո՛չ գայլ, այլ անտառի մեջ թափառող մեծասիրտ առյուծ». ՀԱՅ ֆիդայի, ում հռչակը տարածվել էր ողջ երկրով

Սեյդո Պողոսը Մուշի Ալվառինջ գյուղից էր: Այս ֆիդային հասարակ մահկանացու չէր։
Արտաքինից աչքի էր ընկնում խոշոր աչքերով, ոսկրուտ դիմագծերով, թիկնավետ մեջքով։ Հագուստներն ընտրված էին վայելուչ, ճաշակով, իսկ դանդաղ, հպարտ, տիրական քայլվածքը խնամված շարժուձևի հետ իշխանական պատկառանք էր ստեղծում իր անձի շուրջ։ Ինչպես Ռուբենն է ասում.

«Նա բնավորությամբ ո՛չ վագր էր, ո՛չ գայլ, այլ՝ անտառի մեջ թափառող մեծասիրտ առյուծ, որ հոշոտում էր այնքան, ինչքան պետք է, հարվածում էր այն, ինչ իր դեմ է»։
Պողոսի խոսքը երբեք գետնին չէր դիպչում, որովհետև շատ-շատերը կերազեին ունենալ նրա մարտական փառավոր անցյալը։

Պողոսն առաջին անգամ իր վրա է սևեռում Օսմանյան կառավարության ուշադրությունը 1896թ., երբ ձեռք է գցում մի չախմախլի հրացան և Արաբոյի նման մտածելով, որ կարող է դառնալ իշխան, համագյուղացի Վարդանի հետ քաշվելով լեռները՝ թուրքերից, քրդերից, ոստիկաններից տուրքեր է պահանջում, իսկ երբեմն էլ՝ սպանում նրանց։ Մի օր լսում է, որ Ս. Աղբերիկ վանքի վանահայր Ստեփան վարդապետը սպանվել է քուրդ Յուսուֆ բեկի ելուզակների կողմից։ Նա Վարդանի հետ դարանակալում է ճանապարհին և սպանում վանահորն սպանած քրդերին։ Այդ դեպքերից հետո նրա և Վարդանի հռչակը տարածվում է ամբողջ Մուշում և Սասունում։

1907 թ. մասնակցում է Սուլուխի չարաբաստիկ կռվին ու վիրավորվում։ Նա բազմաթիվ կռիվներ է ունեցել, որոնք բոլորը թվարկելը մեզ բավականին հեռուն պիտի հասցնի։

Այս ֆիդային զոհ գնաց քրդական դավաճանության՝ հայերին իբրև բարեկամ ցեղապետ Ղասըմ բեկի որոգայթով։

1908թ. ձմռանը Ղասըմը եղբայրական սիրալիր հրավեր ուղարկեց ֆիդայիներին՝ ձմեռն իր մոտ անցկացնելու։ Երեք հայդուկներ՝ Զավենը, Սեյտոյի Պողոսը, Ջնդոն մեկնեցին Ղասըմի մոտ։ Ղասըմը նրանց պատվեց ամենայն ճոխությամբ, իսկ երբ ֆիդայիները գինովցած քնեցին, սենյակում իբրև թե նրանց անվտանգությունը հսկող քուրդ Հասանոն զենքերը գողացավ և հանեց դուրս։ Քրդերը ներխուժեցին հայդուկների մոտ և Ջնդոյին ու Զավենին սպանեցին քնած ժամանակ, իսկ վիրավոր Պողոսը արթնանալով փնտրեց զենքը, բայց չգտավ, և մինչ հայհոյում էր քրդերին, նրան նույնպես սպանեցին։ Այնուհետև թուրքերը ֆիդայիների դիակները մեծ հանդիսավորությամբ տարան Մուշ՝ ի տես հայ բնակչության։
Ֆիդայիների սպանությունը պատվիրել էր թուրքական կառավարությունը՝ գաղտնի համագործակցելով Ղասըմի հետ։ Իսկ այս ցեղապետը նախկինում փորձել էր նենգորեն սպանել նաև Գևորգ Չաուշին, և միայն նրա գեղեցկուհի կնոջ՝ Ջամիլայի շնորհիվ՝ Գևորգը նախապես իմացավ այդ մասին և խույս տվեց սպանվելուց (հետագայում Ղասըմը իր կնոջը սպանեց իր իսկ ձեռքերով)։

Սեյդո Պողոսի, Զավենի, Ջնդոյի դավադիր սպանությունից հետո հայ ֆիդայիները Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորությամբ երկու անգամ փորձեցին վրեժխնդիր լինել Ղասըմ Բեկից, սակայն, ցավոք, չհաջողվեց սպանել նրան։

(Visited 745 times, 1 visits today)