Ո՞վ էր Մովսես Սիլիկյանը. 7 փաստ Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանի մասին

1. Ազգությամբ ո՞վ էր Մովսես Սիլիկյանը:

Մովսես Սիլիկյանը ազգությամբ ուդի էր։ Նա ծնվել է 1862թ. սեպտեմբերի 14-ին՝ Նուխիի գավառում։

Ուդիների թիվն աշխարհում շուրջ 10 հազար է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում էր 200 ուդի: Նրանք հիմնականում բնակվում են Երեւանում, Նոյեմբերյանում, Բերդում։ Ուդիները քրիստոնյա են:

2. Ինչո՞վ է աչքի ընկել Սիլիկյանն Առաջին աշխարհամարտի տարիներին:

Մովսես Սիլիկյանը Կովկասյան 6-րդ գնդի հրամանատարն էր։ Գունդը 2-րդ հրաձգային բրիգադի կազմում էր, որի հրամանատարը Թովմաս Նազարբեկյանն էր։

1915 թվականի ապրիլին Սիլիկյանը մասնակցել է Դիլմանի ճակատամարտին, 1916-ի փետրվարին՝ Էրզրումի գրավվմանը, որից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական պարետ։

Մովսես Սիլիկյանի հրամանատարության ներքո է գործել հայկական 2-րդ կամավորական գունդը, որի հրամանատարը Դրոն էր։

1917թ. փետրվարից մինչեւ 1918թ. հունվարը Մովսես Սիլիկյանը Վանում է եղել։ 1917-ի օգոստոսին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Հայկական կորպուսի ստեղծման ժամանակ Թովմաս Նազարբեկյանը Սիլիկյանին նշանակել է հայկական 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։

3. Ի՞նչ դերակատարություն է ունեցել Սիլիկյանը Մայիսյան հերոսամարտի ժամանակ:

1918թ. Մայիսյան հերոսամարտի օրերին հայկական 10 հազարանոց ուժերը բաշխված են եղել Բաշ-Ապարանի ճակատում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ: Սարդարապատում հրամանատարը Դանիել Բեկ-Փիրումյանն է եղել։

Զորքերի ընդհանուր հրամանատարը գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն է եղել, որի շտաբը Էջմիածնում էր։

4. Ի՞նչ է ասել Սիլիկյանը հայ ժողովրդին ուղղված կոչում:

1918թ. մայիսի 24-ին գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը կոչով դիմել է հայ ժողովրդին.

«Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության եւ իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար:

Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երեւույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը»։

5. Ի՞նչ է արել Սիլիկյանը 1920թ. Մայիսյան ապստամբության օրերին:

Սիլիկյանը Նոր Բայազետի նահանգապետն է եղել։ Հայ բոլշեւիկները Հովհաննես Սարուխանյանի գլխավորությամբ մայիսի 12-ին շարժվել են Ղարանլուղ (Մարտունի), որտեղ ձերբակալել են Սիլիկյանին։

Սիլիկյանն ասել է. «Չէ՞ որ դուք ինձ ազնիվ խոսք տվեցիք բանակին ձեռք չտալ, պ. Սարուխանյան», որին ի պատասխան Սարուխանյանը պատասխանել է. «Ես այն ժամանակ ձեզ ստեցի, ընկեր Սիլիկյան»։

6. Ի՞նչպես է դասավորվել Սիլիկյանի ճակատագիրը Հայաստանի խորհրդայնացումից հետո:

1920թ. դեկտեմբերին հարյուրավոր այլ սպաների հետ Սիլիկյանին աքսորել են։ Մեկ տարի անց՝ 1921թ. սեպտեմբերին, նա վերադարձել է Հայաստան։

1927թ. նրան ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց, չկարողանալով մեղադրանքն ապացուցել, ազատ են արձակել, այնուհետեւ՝ աքսորել Դոնի Ռոստով, որտեղից նա վերադարձել է 1927թ. հոկտեմբերին։ 1935թ. նոյեմբերից մինչեւ 1936թ. փետրվարը Սիլիկյանը կրկին բանտարկված է եղել, եւ նրա մեղքը կրկին չի ապացուցվել։

1937թ.-ին՝ չորրորդ ձերբակալությունից հետո, Մովսես Սիլիկյանին մահվան են դատապարտել եւ նոյեմբերի 22-ին գնդակահարել։

7. Երեւանում որտե՞ղ կարելի է գտնել Մովսես Սիլիկյանի «հետքը»:

Պուշկինի 38 հասցեում է գտնվում հին Երեւանի սակավաթիվ կանգուն մնացած շենքերից մեկը: 1920-1921 թթ. այս շենքում է ապրել Մովսես Սիլիկյանը:

(Visited 903 times, 1 visits today)