Այս ՀԱՅԸ Կ.Պոլսում գլխավորել է հայկական պատրիարքարանի ԳԱՂՏՆԻ դիվանի գործունեությունը

Պատմաբան, բանասեր,հասարակական գործիչ Գևորգ Տեր-Մեսրոպյան ծնվել է Նիկոմեդիայի (այժմ՝ Իզմիթ) գավառի Պարտիզակ գյուղում: Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան վարժարանում, ամերիկյան դպրոցում, 1899-1902թթ՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, 1904-08թթ՝ Արմաշի դպրեվանքում։

1908-22թթ իբրև տեսուչ և մանկավարժ աշխատել է Կ.Պոլսում, դասավանդել հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։

Կ.Պոլսում գլխավորել է հայկական պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։ Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ 1922թ-ից գիտամանկավարժական և հրապարակախոսական գործունեությունը շարունակել է Բուլղարիայում։

1923թ. Պլովդիվում հիմնել է «Մեսրոպյան ճեմարանը» (1925թ. փոխադրվել է Սոֆիա)։ Հրատարակել է (կնոջ՝ Շաքե Մեսրոպուհու հետ) «Հայելի աշխարհի» (1937թ., Սոֆիա) գիտամանկավարժական պարբերաթերթը։

Աշխատություններից են՝ «Ուրարտու կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքակրթությունը» (1911թ.), «Պատմություն հայ եկեղեցվո» (հ.1-2, 1913-14թթ) դասագիրքը։

Նրա «Հայոց պատմություն» (տարրական և միջին 4 դասարանների համար) դասագիրքը օգտագործվել է սփյուռքի բոլոր դպրոցներում, ունեցել մի քանի հրատարակություն, հեղինակել է նաև «Հայոց պատմություն» (քննական, բարձր դասարանների համար, հ.1, 1914թ.) և «Աշխարհագրություն պատմական Հայաստանի» (1924թ.) դասագրքերը։ Մահացել է Սոֆիայում:

(Visited 87 times, 1 visits today)