Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. Միայն իմանաք՝ ինչ էր գողացել Պարույր Սևակը

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հատված Սևակի ինքնակենսագրությունից:
Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. «Քառասուն ձոր, ամեն ձորում էլ՝ քառասուն ձոր»: Այն տունը, որտես ես ծնվել եմ…

բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով: Եվ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը՝ հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած՝ զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ լոկ այն, ինչ չի վառվում՝ գետնափոր նկուղը: Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու:

Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել, երեք-չորս հոգով «կտրեցինք» շրջակա երեք-չորս գյուղի դպրողական գրադարանները՝ կեսգիշերն, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն՝ կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ախր ես միջնակարգն ավարտեցի՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան:

Մորս հացի տախտակն էր իմ սեղանը, և գրատախտակն էր իմ քանոնը, ինչպես որ խմորով էի թուղթ կպցնում: Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը՝ հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և… մորիցս:

Ավարտեցի համալսարանը: Ընդունվեցի ասպիրանտուրա: Վերջացել էր արյունոտ պատերազմը: Բայց միայն պատերազմական վերքերը չէին, որ մխում էին, բացվում էին նորանոր վերքեր: Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը: Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը:

Մեր կյանքն էլ այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն: Մեր կյանքն էլ այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին: Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ, եթե պիտի ծիծաղեր, ապա՝ արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ: Սեփական կարծիք ունենալը հավասարվել էր հերետիկոսության:

Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ, ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ՝ դիմանալու: Դիմացա, բայց ի՜նչ գնով: Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բան ասելը՝ անբարոյականության վատթարագույն շնականությունն է: Ահա թե ինչու ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով, աշխատում էի… ձայնս փոխել… «Եթե ժամանակը սրտովդ չէ, դու ժամանակի սրտով եղիր»: Ես չկարողացա:

Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը՝ տառապանքը: Եվ մենք, վերջիվերջո, հանդիպեցինք չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը մեկ վերջնական պայմանով. գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա: Երանի նրան, ով մարդկանց գլխապտույտ է պատճառում, և վայ նրան, ով պատճառում է սրտխառնուք:

1965թ.,

1 դեկտեմբերի

Չանախչի:

nurblog

(Visited 861 times, 1 visits today)