Դատարանը հրապարակեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր քննարկվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։

Դատարանը որոշեց խափանման միջոց՝ կալանքը թողնել անփոփոխ:

«Պաշտպանության կողմի միջնորդությունը՝ այլ խափանման միջոցների, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին և 50 միլիոն դրամ գրավի կիրառմաբ Աղվան Հովսեփյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառով»,-ասաց դատավորը:

Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Մնացական Մարտիրոսյանը մնաց Մնացական Մարտիրոսյան, ինչպես բոլոր գործերում է տեղի ունենում:

«Հասկանում եմ՝ իրեն կպատժեին, եթե Աղվան Հովսեփյանին ազատ արձակեր: Եթե մի դատավոր մտածում է՝ չպատժվելու համար ինչ-որ մեկին ապօրինի կալանքի տակ պահի, այստեղ լուրջ խնդիր կա: Այսօր մենք կրկին գործ ունեցանք չարդարադատության հետ, ինչն իրականացրեց Մնացական Մարտիրոսյանը»,-ասաց պաշտպանը:

Երեմ Սարգսյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք կներկայացնեն, չնայած՝ այնտեղից էլ մեծ հույսեր չունեն:

«Մեր նպատակն է ներպետական ատյաններում հասնել արդարության, եթե չստացվի կդիմենք Եվրոպական դատարան, այս աղաղակող ապօրինությունների մասով»,-ասաց նա:

(Visited 1 124 times, 1 visits today)