Եռաբլուրից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գնացած Արցախի Հանրապետության շուրջ 50 մետր երկարություն ունեցող դրոշը հետաքրքիր կենսագրություն ունի…

Երեկ միասնական պայքարի շրջանակում Եռաբլուրից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գնացած եւ սրբազան օրհնություն ստացած Արցախի Հանրապետության շուրջ 50 մետր երկարություն ունեցող դրոշը հետաքրքիր կենսագրություն ունի:

Դրա մասին Aravot.am-ին պատմեց պետական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը: «Արցախի այս դրոշը պատրաստող անձն այն կարել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ այն երազանքով, որ պատերազմը կունենա հաղթական ավարտ, եւ դրոշը կլինի մեր հաղթանակի դրոշը:

Ցավոք սրտի, այս իշխանության վատ կառավարման, անգործությունների ու սխալների հետեւանքով մենք պատերազմը տանուլ տվեցինք: Եվ դրոշը մնացել էր հեղինակի տանը:

Հիմա մենք դրոշը դուրս ենք բերել փողոց որպես հաղթանակի խորհրդանիշ՝ այն վերստին Արցախ տանելու եւ հաղթանակի խորհրդանիշ դարձնելու երազանքով:

Եվ այսօր մեզ համար խորհրդանշական է, որ Եռաբլուր փառքի պանթեոնից այս դրոշը մենք բերում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ օրհնության:

Այն այստեղից աղոթքներով կտանենք Երեւան, կմիացնենք հաղթանակի պայքարի վերջնական, ամփոփիչ փուլին, որից հետո երազանք ունենք, որ այս դրոշը մի օր կհայտնվի Շուշիում»:

 

(Visited 34 times, 1 visits today)