Արթուր Վանեցյանը դիմեց իշխանություննեին

Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության կողմից տարածած հայտարարությանը՝ նշեց, որ միշտ լուրջ է վերաբերում այդ կառույցի հայտարարություններին։

Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն ևս լուրջ է վերաբերում այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և մասնավորապես Երևանում։ Արթուր Վանեցյանը նշեց, որ կարծում է՝ ԱԱԾ-ն կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլորի նկատմամբ։

«Եթե ԱԱԾ հնչեցրած մտավախություններն իրապես գոյություն ունեն՝ ես միայն ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն այդ հանցագործությունը բացահայտի և պատրաստ եմ ինքս աջակցել այդ հնարավոր հանցագործության բացահայտմանը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ապրիլի 30-ին տարածած իր հաղորդագրության մեջ նշել էր, թե ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից։

Արթուր Վանեցյանը նշեց, որ ցանկանում է իշխանություններից խորհուրդ տալ․ «Գիտեմ ներքին քննարկումները, թե ինչեր են տեղի ունեցել մինչև այս հայտարարությունը տարածելը։ Ճիշտ եք անում, որ անհանգստացել եք, ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ճիշտ եք գնահատում, որ ձեզ շատ քիչ է մնացել և ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով և հանրային մեծ ճշնմամբ շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանությունների հեռացմանը։

Բայց եթե կլինեն սադրանքներ, եթե կլինեն ուժի անհամաչափ կիրառում կամ օրինականության խախտում՝ բոլորը դրա համար պատասխան են տալու։ Ժողովրդի այս խոսքը, այս զարթոնքը որևէ ուժային կառույց չի կարող այլևս կասեցնել։ Արդեն անցել է այն պահը, որ կարող էին կասեցնել, արդեն ուժ է և վաղը ժամը 4-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր մի փոքր թերահավատորեն էին տրամադրված՝ կհամոզվեն դրա մեջ»։

(Visited 182 times, 1 visits today)