Ու սկսվում է պայքարը… «Հարս ու սկեսուր» հավերժ հակամարտության միֆը

Յուրաքանչյուր հայ ընտանիք, եթե ոչ ուղղակիորեն (ինչին շատ եմ կասկածում), ապա անուղղակիորեն առնչված կլինի հարսի և սկեսրոջ միջև հարաբերությունների խնդրին: Սա սոցիալական լուրջ խնդիր է, ինչը լուծման կարիք է զգում:

Հետևանքները տեսանելի են ամեն քայլափոխին՝ նյարդային մարդիկ, լարված հարաբերություններ, դժբախտ դեմքեր, երեխաների հոգեբանության խաթարում և, վատագույն դեպքում, քանդված ընտանիքներ՝ իր բոլոր հետևանքներով: Անգամ դեպքեր են եղել, երբ այդ ամենն ավարտվել է մահվամբ(http://news.am/arm/news/33022.html ): Ի՞նչ է կատարվում, ինչու՞ հայ ընտանիքներում հարսի և սկեսրոջ ջուրը մի առվով չի հոսում: Քննարկե՛նք:

Հայ մայրերը մի յուրօրինակ առանձնահատկությամբ են նվիրվում իրենց որդիներին. իրենց զոհելով, իրենց կյանքը մի կողմ դրած՝ ամեն ինչ, նույնիսկ անկարելին, անում են իրենց զավակների համար: Արդյունքում տարիներ հետո սկսում են նույն հոգատարությունը, նույն ուշադրությունը պահանջել նրանցից: Խեղճ տղա: Հայտնվում է երկու քարի արանքում՝ մի կողմում մայրն է, մյուսում՝ կինը, որը ևս ոչ պակաս ուշադրություն է պահանջում:

Այսպես, ընտանեկան համերաշխությունը կախված է լինում տղամարդու հմտությունից, ճարպկությունից ու մտքի արագությունից, այդ ամենին գումարած ծով համբերություն:
Հետո գալիս է մեկ այլ խնդիր. տանտիրուհին եղել է մայրը տարիներ շարունակ: Ու հանկարծ հայտնվում է հարսը, ու խնդիր է առաջանում «տանտիրուհու ղեկը» կիսել կամ ընդհանրապես հանձնել հարսին: Ու սկսվում է պայքարը:

Մի խնդրահարույց թեմա էլ կա. Երեխաների դաստիարակությունը: Հոգեբանները պարզել են, որ այն երեխաները, որոնք մեցացել են մի քանի սերունդ ունեցող ընտանիքում(մամա, պապա, տատի, պապի…) առավել կամակոր են, ունեն բարդ հոգեբանություն և դժվարությամբ են որոշումներ կայացնում: Մայրը իր ձևով է դաստիարակում, տատը՝ իր ձևով: Ու էլի վիճաբանություններ:

Մի կարևոր խնդիր ևս կա. Ֆինանսական հարցերը: Հայաստանում պայմանները ցավոք այնպիսին չեն, որպեսզի նորաստեղծ զույգը ֆինանսապես լիովին անկախ լինի իր ընտանիքից: Ու պարզ է, թե առօրյա ինչպիսի մանրուքներ ինչ մեծ պատմություն են դառնում:
Իհարկե շարունակելով այս թեման կարելի է անվերջ թվել՝ մայրական խանդ, տղայիս տարավ ինձնից, հարևանի հարսը միշտ լավնա, իմ սկեսուրը իմ մամայի նման պետքա լինի, իմ մաման լավ տանտիրուհի է, քան սկեսուրս, տղաս փոխվել է ամուսնությունից հետո, հարսս ոչ մի բան լավ չի անում…

Ու այդպես երկկողմանի փոխադարձ սխալներ, որոնց ընդունման և շտկման դեպքում մենք կունենանք երջանիկ, կայացած ընտանիքներ: Իմ կողմից խորհուրդ եմ տալիս հարսներին՝ ինքս էլ լինելով հարս: Սկեսուրը թշնամի չէ, նա Ձեր սիրելի էակի մայրն է: Հարգեք նրան, ընդունեք այնպիսին, ինչպիսի նա կա, նրանից մի բամբասեք Ձերոնց հետ, ամեն ինչին հասեք քիչ-քիչ, համբերությամբ և ներողամտաբար:

Ամուսնուն աշխատեք չբողոքել իր մորից, միևնույնն է ոչինչ չի փոխվի: Դա միայն կազդի ձեր երկուսի հարաբերությունների վրա:
Սկեսուրներին խորհուրդ եմ տալիս միշտ հիշել, որ մեծը Դուք եք, ներողամտաբար վերաբերվեք հարսի սխալներին, սովորեցրեք նրան , ինչպես Ձեր երեխային, մնացեք Ձեր դերում ու մի խառնվեք ամուսինների հարաբերություններին, թողեք, ինչու չէ, նաև ինքներդ մղեք նրանց ազատության, թողեք «ջահելություն» անեն:

(Visited 80 times, 1 visits today)