Ինչու էր Պուտինը պինդ բռնել սեղանը

Համաշխարհային զլմ-ների ուշադրության կենտրոնում է Պուտին-Շոյգու հանդիպման հայտնի տեսագրությունը, որում Շոյգուն զեկուցում է, որ Մարիուպոլը ռուսական բանակի վերահսկողության տակ է, բացի Ազովստալ կոմբինատի տարածքից, իսկ Պուտինը հրամայում է չգրոհել կոմբինատը զինվորականների շրջանում կորուստներից խուսափելու համար, այլ՝ շրջափակել։

Քննարկվում է հարցերի լայն շրջանակ՝ սկսած նրանից, որ դա մոնտաժ-տեսանյութ էր, եւ ոչ մի հանդիպում էլ չի եղել, վերջացրած նրանով, թե ինչու էր Պուտինը մի ձեռքով բռնվել սեղանից։ Նշվում է, որ Պուտինը դժգոհ է Շոյգուից՝ «հատուկ գործողության» տապալումների համար, եւ սեղանից բռնվել էր ձեռքերի դողը չմատնելու համար։ Տարօրինակ էր նաեւ Շոյգուին տրված «խաղաղասիրական» հրամանը, ինչպես նաեւ այն, որ վերջինս քաղաքացիական հագուստով էր։ Երեւի Պուտինն է հրամայել զինվորական հագուստով չերեւալ, որովհետեւ այդ հագուստի վրա շողշողում է Շոյգուին Պուտինի շնորհած ՌԴ հերոսի աստղը։

Խոսակցություն կա, որ պատերազմից հետո Պուտինը մտադիր է պաշտոնանկ անել Շոյգուին եւ մի շարք գեներալների։ Պուտինը նրանց մեղադրում է ոչ միայն անհաջողությունների համար, այլեւ կասկածում է ռազմական գործողությունները ձգձգելու մեջ, քանի որ այդ ընթացքում չի ցանկանում նրանց հեռացնել, նրանք էլ այդ ձեւով փորձում են ժամանակ շահել։ Ով ում «կվերապրի» եւ ով ում վրա կբարդի տապալումների մեղքը՝ ցույց կտա ժամանակը։ Գեներալները լուրջ մտավախություններ ունեն իրենց անձնական ճակատագրի համար, նկատի առնելով իրենց գործընկերներից մի քանիսի ձերբակալությունը, մի քանիսի խորհրդավոր անհետացումները։ Այս հարցերն են լայնորեն քննարկվում մեդիա-քաղաքական հարթակներում։

Մինչ այդ, ռուսական բանակն Ուկրաինայում շարունակում է աչքի ընկնել ոչ այնքան ռազմական, որքան թալանի, սպանությունների, բռնությունների, խաղաղ բնակավայրերի ոչնչացման, վատ կառավարման եւ այլ առումներով, ինչն անկասկած ունենալու է նաեւ իր քաղաքական հետեւանքները երկրի ապագայի համար։

Մարիուպոլից ու Բուչայից հետո այդ ապագան խիստ որոշակի է ուրվագծվում, այդ թվում Ռուսաստանից ածանցյալ Հայաստանի համար՝ «ռուս խաղաղապահների մանդատի հավերժացման», «ռուսական բանակի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման», անվտանգության երաշխիքների եւ այլնի սրտաճմլիկ հեքիաթների ներքո։

lragir.am

(Visited 333 times, 1 visits today)