Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր… Բակունցի՝ բանտում անցկացրած վերջին օրերը

Բակունցի՝ բանտում անցկացրած վերջին օրերը

Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը ։ Գրողի կինը՝ Վարվառա Բակունցը , իր՝ 1954թ․-ին գրված « Բակունցի մասին» գրքում պատմում է, որ իրեն թույլ են տվել այցելել ամուսնուն բանտում , և նա հետը տարել է 11-ամյա որդուն՝ Սևադային :

«Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել , որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն , որին ես գիտեի երկար տարիներ :

Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը : Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ , գրել այն ամենը , ինչ ինքը կասի :

«Իմացի՛ր ,- ասաց նա ինձ ,- այն ամենը, ինչ ասում եմ քեզ , պատահական մտքեր չեն , այլ արդյունք են երկար անքուն գիշերների » : Եվ նա թելադրեց ինձ , թե ինչպես պիտի դաստիարակեմ և մեծացնեմ երեխային :

«Որդիս , -անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը , -այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար , բայց ինձ չհաջողվեց , մայրդ կանի նաև իմ փոխարեն » :

Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր , հաշվիր , որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել ։ Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։

«Ծա՜նր է , շա՜տ ծանր… Չգիտեմ՝ գիշեր է , թե՞ ցերեկ , միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում ։ Մտքերը հեռու են գնում , ի՞նչ է սպասվում հետո… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք , ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:

՛՛ Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ : Նա ինձ ասաց , որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրավունքը… ՛՛
Վարվառա Բակունց (Չիվիջյան)
15.09.1954 թ.»

1937 թվականի հուլիսի 18-ին Բակունցին գնդակահարեցին Ստալինի ցուցումով ։
Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ , նրան ասացին , թե Բակունցին աքսորել են ։

Իրեն՝ Վարվառային , ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին՝ իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի ։

Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում , այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ ։
Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։

Քաղումներ Վարվառայի հուշերից և Ա.Բակունցի տուն-թանգարանից

(Visited 762 times, 1 visits today)