Գաղտնիքի գործով խումբ են ստեղծել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան:

Ինչպես հայտնի է, 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա:

Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում:

Նկատենք՝ նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն՝ կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միեւնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

(Visited 1 times, 1 visits today)