Ինչո՞ւ ֆիդայիներն իրավունք չունեին ամուսնանալ…

Ինչո՞ւ ֆիդայիներն իրավունք չունեին ամուսնանալ…

Չնայած 19-20-րդ դարերի ազատագրական պայքարին մասնակցեցին ու հերոսացան բազմաթիվ հայ կանայք, օրինակ՝ Շենիկցիներ Շաքեն, Ռպեն, Խանեն, Մարիամը, Ցրոնքի Շուշանը, Խարսի Զրեն, Գելիեցի Հափսեն, Տալվորիկցիներ Անթառամը, Գուլեն, Մշեցիներ Յուղոն, Փառանձեմը և շատ ուրիշներ, բայց հայդուկներին արգելված էր ամուսնանալ։

Ֆիդայու սուրբ պարտականությունն իր կյանքը հայրենիքին նվիրելն էր, իսկ այդ ճանապարհին ընտանիքի հետ կապը շատ դեպքերում վնասակար էր համարվում։ Այդ արգելքի որոշ պատճառներ պարզաբանում են հենց ֆիդայական շարժման գործիչները։

ՍԵՐՈԲ ԱՂԲՅՈՒՐի զինվորների մահը

Սերոբի զինվորներից արհեստով դարբին Մոտկանցի Սիմոնը, որը քաջության համար թուրքերից ստացել էր Ազրայիլ անունը, ղեկավարում էր Դատվանի շրջանի հեղափոխական գործը։
Վարդավառի մի օր Սիմոնը 3 ֆիդայիների՝ Խնձորեկի Նատոյի, Աշոտի, Երկար Բարսեղի հետ մտնում է Դատվան գյուղը:

Անհայտ պատճառներով կառավարությունը իմանում է հայդուկների՝ գյուղում լինելու մասին ու չերքեզ Կռտան Ալայ բեկի (Կռտան մականունը տվել էին հայերին ամորձատելով տանջելու համար) գլխավորությամբ զորք է ուղարկում Դատվան։ Ձերբակալում են Աշոտի կնոջը և չարչարելով պահանջում ասել հայդուկների տեղը։ Կինը, չդիմանալով կտտանքներին, մատնում է նրանց։ Կռիվը տևում է մինչև երեկո։ Սիմոնը, Աշոտը, Բարսեղը զոհվում են, իսկ Նատոն կարողանում է փախչել։ Նատոն զոհված ընկերների համար բազմաթիվ վրիժառություններ է կատարում` սպանելով նաև Աշոտի կնոջը…

Խնուսցի Մոսոյի մահը

Մոսոն կապ էր պահպանում Կովկասի ու Սասունի միջև։ Նա և՛ ֆիդայի էր, և՛ սուրհանդակ, և՛ զինակիր։
Մոսոն նշանած ուներ հայրենի գյուղում, բայց ֆիդայիներին թույլատրված չէր տեսնվել նշանածի հետ։ Մի օր, երբ Կովկաս գնալիս նրանց խումբը անցնում էր գյուղի կողքով, Մոսոն համոզում է ընկերներին սպասել իրեն մոտակա լեռան վրա, իսկ ինքը մեկ օրով մտնում գյուղ՝ նշանածին տեսնելու։

Ոստիկանությունը տեղեկանում է և Խնուս քաղաքից զորքեր բերելով` պաշարում գյուղը։ Մոսոն վառում է իր հետ ուղարկված նամակները, հեծնում ձին և միայնակ կռվելով ու զոհեր պատճառելով թուրքերին` փորձում ճեղքել պաշարումը, բայց ոստիկանների համազարկից վիրավորվում է ձին և Մոսոն, չկարողանալով այլևս փախչել, մարտի է բռնվում ու զոհվում։

Տատրագոմցի Հովանի կնոջ փախուստը

Հովանը անվեհեր ու բազմափորձ ֆիդայի էր։ Թեև ուներ երիտասարդ կին, բայց տարիներով գտնվելով լեռներում` չէր տեսնվում նրա հետ։ Իսկ կինը, տարիներով միայնակ, մի օր կապվում է մի քրդի հետ ու փախչում Մուշ։ Լուրը կայծակի նման տարածվում է Սասունում ու ոտքի հանում Հովանի ֆիդայի ընկերներին։

Վերջիններիցս Ռբեի Սարգիսն ու Ասատուրը, մի գիշեր մտնելով Մուշի թուրքական թաղամասը, սպանում են քրդին, իսկ Հովանի կնոջը տանում լեռները` դատաստանի։ Հովանը սեփական ձեռքերով սպանում է կնոջը։ (Այդ դեպքը իր գեղարվեստական արտացոլումն է գտել նաև Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմում)։

Հայտնի է նաև, որ Աղբյուր Սերոբի ու Գևորգ Չաուշի կանանց առիթով երկպառակություններ են ծագել ֆիդայիների միջև, թեև և՛ Սոսեն, և՛ Եղսոն եղել են կռվող կանայք։ Իսկ Զորավար Մախլուտոյին ու Ջնթոյին Դժոխք Հրայրը ծեծով պատժեց անծանոթ կանանց հետ ընդամենը խոսելու համար։

(Visited 377 times, 1 visits today)