Այդ էր դեպի Բրաբիոն ծաղիկը տանող միակ վստահելի ուղին. Զորավարը և Բրաբիոն ծաղիկը

ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿԸ. Խաչիկ Դաշտենց

Հետևելով Անդրանիկի օրինակին, Մախլուտոն նույնպես որոշեց զբաղվել արհեստով։ Նա Ֆրեզնոյում բաց արեց սոլկարի արհեստանոց։ Առաջին անգամ նա այդ արհեստը բանեցրել էր Սասունում, նորոգելով Շապինանդի ոտնամանները։ Այնուհետև դեպքից-դեպք օգնել էր հայդուկներին՝ նրանց ոտնամանները կարկատելով։ Կոշկակարությունը միառժամանակ օգտակար եղավ նրա համար։

Ապա կարճ ժամանակով Մախլուտոն մի սրճարան բացեց Լոս Անջելոսում։ Սակայն շուտով հայրենակցական մի միություն, որ հիմնադրվել էր 1917 թվականին, Ֆրեզնոյի իր մասնաճյուղի միջոցով Մախլուտոյին նշանակեց միության կենտրոնական վարչության նախագահ։ Այդ միության նպատակն էր օգնել գաղթաշխարհի կարիքավոր տարոնցիներին և զարկ տալ նրանց կրթական ու տընտեսական վերելքին։

1926 թվականի նոյեմբերին, Մախլուտոն Անդրանիկին անակնկալի բերելով, մեծ հանդիսավորությամբ նշեց Վանքի կռվի 25 ամյակը։ Իր պատասխան խոսքում Անդրանիկը մանրամասն նկարագրեց այդ պատմական կռիվը և այդ կռվում զոհված իր ֆիդայիներին հիշելով՝ դառնորեն լաց եղավ։

Խոսքն ու զրույցը վանքի դեպքերի վրայով հասավ Հայաստանի հանրապետության հետ ունեցած վեճին։

— Ես, — ասաց զորավարը, — հեռացա Արարատյան հանրապետությունից, որպեսզի մասնակից չլինեմ այն անմիտ և անպատվաբեր գործունեությանը, որին նվիրվեցին նրա վարիչները առաջին իսկ օրից։ Մի շենք շինելու համար հմուտ ճարտարապետներ են պետք։ Դաշնակ հանրապետությունը վիժեցավ, որովհետև անոր ղեկավարները այդ շենքի հիմքը դրին օդի մեջ, փոխանակ հաստատուն գետնի վրա դնելու։

Մի գիշեր Մախլուտոն շտապ կանչվեց ծովափ։ Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը։

— Եկա՞ր, Մախլուտո, — ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ — Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փընտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։

Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք և մոլորվեցինք քերծերում։

Ի՜նչ ծանր էր այն օրը, երբ ինքը իր զինվորներով գնդապետ Գիբոնի հետ ոտք դրեց բրիտանական փոխադրանավի վրա։

Այդ լուսաբացին երկու բարձրագոչ սուլիչ հնչեց։ Մեկը գոռաց դեպի Եվրոպա, այդ իրենց ռազմանավն էր, որ շարժվում էր արևմուտք, իսկ մյուսը Բաթումից դեպի արևելք մեկնող շոգեկառքն էր, որ իր զինվորներին ու սպաներին տանում էր դեպի հարավ, դեպի Հայաստան։ Ինքը ռազմանավի տախտակամածից ձեռքերը կրծքին ծալած երկար-երկար նայեց դեպի Հայաստան սլացող այդ շոգեկառքի ետևից, որի մեջ էր նաև իր հին հայդուկ Հաջի Գևոն՝ սուլոցը շուրթերին։ Դեռ երբեք նա այդքան տխուր չէր սուլել իր հռչակավոր լոլոն։

Եվրոպա մեկնող փոխադրանավը լիքն էր Պարսկաստանից հայրենիք վերադարձող անգլիացի զինվորներով։ Նավի տախտակամածի մի անկյունում օտար համազգեստներով և անծանոթ ու օտար լեզվով խոսող զինվորականների մի խումբ կար։ Այդ իրենք էին՝ հայերը։ Հաղթել էին դաշնակիցները և անգլիացի զինվորները տուն էին դառնում տոնական տրամադրությամբ։ Գոհ էր և դաշնակից հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Գիբոնը։

Այդ այն երջանիկ օրն էր, որ անգլիացի զինվորները երազել էին օտար երկնքների տակ մղած կռիվների միջոցին։ Նըրանց համար հաղթության ու խաղաղության տոնախմբությունները իմաստ ունեին։ Իսկ հայերի խմբի համար դա վերադարձ չէր դեպի հայրենիք։ Հայերը նրանց համեմատությամբ աքսորյալներ էին, որոնց տեսողության առաջ կար սրախողխող մի երկիր։ Իրենք այդ մարդկանց հետ կողք-կողքի քաջաբար կռվել էին թշնամու դեմ, բայց այժմ օտարականներ էին նրանց միջավայրում։ Դաշնակիցներից հուսախաբ, լքված օտարականներ։

Անդրանիկը ակամա հիշեց իր հայ կամավորներից մեկին, որին նա իր համար ընդմիշտ կորած էր համարում։ Բոլոր հերոսական դեմքերը չքացան իր տեսադաշտից, իսկ այդ մեկը վերջին պահին եկավ և համառորեն կանգնեց իր աչքերի առաջ։

Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։ Թավրիզեցի էր, անունը Հայկ։ Ձմեռ էր ու ձյուն։ Դութա՞ղն էր, Մու՞շն էր արդյոք, չկարողացավ ստույգ որոշել։ Գուցե Բաղեշն էր կամ Ռահվե–Դուրանը։ Բասենն էր գուցե։ Հայկ Բժշկյանը մի անգամ եկավ իր մոտ և զայրացած ասաց. «Խաբված ենք, մեծ հայդուկ, դառնորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգովին խաբված ենք»։ Ասաց ու ծանր քայլերով հեռացավ։ Երկար ժամանակ ձյուների վրա լսվում էր նրա ոտնաձայնը, երևում էր խռոված կամավորի բեկբեկուն ստվերը։

Անդրանիկը այլևս չտեսավ նրան։

Բժշկյանը ատելությամբ լցված ցարական կարգերի հանդեպ, այդ օրվանից կտրուկ շրջադարձ կատարեց դեպի հեղափոխություն, կամավորական մարտիկի իր տոկուն կամքը կոփելով ռուսական հեղափոխության կարմիր հրդեհի մեջ, այդ հրդեհի բոցերի մեջ տեսնելով Հայաստանի և ամբողջ աշխարհի ազատագրության արշալույսը։ Բժշկյանը կազմակերպեց իր Երկաթե դիվիզիան, պայքարի ելնելով հեղափոխության թշնամիների դեմ, դոփելով լայնածավալ Ռուսաստանի մի ծայրից մյուսը։ Նա դարձավ հեղափոխական բանակի հրամանատար, իսկ այնուհետև նշանակվեց Սովետական Հայաստանի ռազմական կոմիսար։ Նրա ետևից գնացին Սարդարապատի և Բաշ–Ապարանի ճակատամարտին մասնակցած շատ հայ մարտիկներ և Հայաստանում աճող զինվորական նոր սերունդը։ Իսկ ի՞նքը։ Ինքը մնաց իր հայդուկների, իր կամավորական և երկրապահ գնդերի, իր հայկական առանձին հարվածող զորամասի հետ, վերջին պահին հարկադրական բնակավայր ընտրելով հեռավոր Կալիֆոռնիան։

Թավրիզեցի խիզախ կամավորը այդ ժամանակ մի հասարակ դասալիք թվաց իրեն, ապազգայնացած մի զինվոր։ Այդպես թվացին բոլոր նրանք, որ նեցուկ չեղան իրեն։ Այդ նույն զինվորն այժմ կանգնած էր իր առաջ գեղադեմ ու բարձրահասակ, ճակատով հստակ և ընթացքով հաստատ։ Այո, գուցե այդ էր իսկապես ուրիշ ճանապարհը։ Այդ էր դեպի Բրաբիոն ծաղիկը տանող միակ վստահելի ուղին։

— Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված, — ասաց մահամերձը։ — Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։

— Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, — շարունակեց Շապինանդը, — երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն, երբ ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և մշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ։ Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա։ Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու, Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ։ Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին հայ լինի նա, թուրք լինի, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեք։

Փոքր–ինչ շունչ առնելով ավելացրեց,

— Երկու բան սիրեցի աշխարհում— որբ մանուկն ու թըշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ ՛մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։

Վերջին խոսքը եղավ՝ մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։

Լուսադեմին Շապինանդը չկար։

Նրա մարմինը զմրսեցին և մահից ութ օր վերջը փոխադրեցին հայոց եկեղեցին։ Հաջորդ օրը տարան թաղելու։ Դագաղի առջևից ընթանում էր մի նժույգ՝ թամբին զինվորի համազգեստ և հրացան։ Երբ թափորը հասավ «Արարատյան գերեզմանատուն», հայ երիտասարդները վերևից ինքնաթիռով վարդեր շաղ տվին նրա դագաղին։ Բայց դագաղը հողը չդրին, այլ վերցրին ու կրկին եկեղեցի տարան։

Չորս ամիս հետո, Ֆրեզնոյի հայերը Սան–ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով բախեցին Փարիզի դուռը։ Անդրանիկը «Պատվո լեգիոն» շքանշանով պարգևատրված էր ֆրանսիական կառավարության կողմից և Փարիզը նրան տեղ տվեց իր հերոսների պանթեոնում՝ Կոմունարների պատի մոտ։

Ու 1928 թվականի հունվարի 8-ին հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ իրենց հետ տանելով ազգային հերոսի դին։

Դրեցին հյուսված դամ բանի մեջ ու տարան։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր Էին շտապել Փարիզ հուղարկավորությանը մասնակցելու։ ներկա Էին նաև եվրոպական դաշնակից պետությունների զինվորական պատվիրակությունները։ Դիակառքի մոտով գլխահակ քայլում Էր զորավար Մախլուտոն զինակից հայդուկների խմբով։ Մախլուտոյից անբաժան ընթանում Էր Ղարիբը— Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող զինվորը։ Ետևից համընթաց քայլում Էին բարձրաստիճան հայ և օտարազգի զինվորականներ, ֆըրանսիացի զորավարներ, հայ և բուլղար զինվորներ, Մարսելում, Լիոնում և Փարիզում ապրող հին կամավորներ։

Աֆրիկայից եկել Էր «Յա Մարաթուկ» հարգոն, որ Անդրանիկի շինած աթոռներից մեկը Ամերիկայից հասցրել Էր Գանայի Ակրա քաղաքը։

Գիբոնն Էլ այնտեղ Էր, Զանգեզուրի լեռներում սառած անգլիացի գնդապետը։ Մոռանալով Անդրանիկի պատիժը, ծերունի զինվորականը բրիտանական իր դղյակից հասել Էր Փարիզ, իր հետ բերելով «Սպիտակ ձիավոր» գիրքը, որի մեջ նկարագրել Էր զորավար Անդրանիկի և նրա բանակի հաղթական երթը Գորիսից մինչև Էջմիածին։ «Այդ մարդը բոլորովին տարբեր Էր մինչև այն ատեն Կովկասի մեջ իմ տեսած բոլոր մարդկանցից, — գրել էր նա իր գրքում։ — Անդրանիկի մեջ մի տեսակ մագնիսականություն կար, որ ամեն բան դեպի իրեն կքաշեր, ու ես առաջին իսկ հանդիպումից նրա ցանցերի մեջ բռնված Էի։ Նրա զորքերը առաջին իրական զորքերն Էին, որ ես երբևիցե տեսած կամ։ Չափազանցություն չպիտի լինի երբեք ասել, թե առաջին աշխարհամարտը ավելի Հերոսական, ավելի դրամատիկ և ավելի Հատկանշական մի անձնավորություն է ատադրած, քան այս Հայոց զորավարը»։

Հուղարկավորներից բոլորովին առանձին և գլուխը կախ մի մարդ էր քայլում, որ այս տխուր առիթով եկել էր Ֆրանսիա։ Դա Մեհմեդ էֆենդին էր։ Մի քանի անգամ նա փորձ արեց մոտենալ դագաղակիրներին, բայց ձեռքը մնաց օդի մեջ։ Դադաղը նրա մատն երին քսվելով բարձրացավ վեր, ավելի վեր. կարծես թռչում էր երկինք։ Նույնիսկ մահվան գրկում Շապինանդը անհասանելի բարձրության մեջ էր։ Նա ծնվել էր արծվային թռիչքների համար և հանգչում էր իբրև արծիվ բարձրության վրա։

Դագաղը ուսամբարձ Հասավ Պեր Լաշեզ և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայիների պատվո Համազարկի տակ իջավ գերեզման։

Ֆրանսիան նույնպես պատվո Համազարկ տվեց։ Անդրանիկի մահից հետո Մախլուտոն առմիշտ թողեց Լոս Անջելոսն ու «Ղարիբ Մշեցի» պանդոկը և հաստատվեց Փարիզում։ Եվ այնուհետև նա երկար տարիներ չբաժանվեց ոչ Ֆրանսիայից, ոչ էլ իր սիրած հայդուկապետի գերեզմանից։ Շատ մեծանուն քաջերի միջով անցավ, բայց Անդրանիկի պես քաջի և հայրենասերի այլևս չհանդիպեց։ Շատ վայրեր թափառեց, շատ քաղաքներ տեսավ, բայց մի քաղաք մնաց նրա սրտում և նրա աչքերի առաջ — Մուշը։

Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ Հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա Հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն-մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ Երկիր Հայաստան։ Ու կարոտելով կարոտեց նա այդ բրաբիոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից։

Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը»

Լուսանկարում` Զորավար Անդրանիկն իր զինակից Զորավար Սմբատի` Մախլուտոյի հետ

(Visited 78 times, 1 visits today)