Ինչպե՞ս ՀԱՅԸ ՀԱՅԻՆ սպшնեց՝ քաղաքի հարստություններին տիրանալու համար

Բագարան բերդաքաղաքը, որ հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք, գտնվում էր Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին։
Քաղաքի տարածքում բխում են սառնորակ շատ աղբյուրներ, որոնք այժմ գործի են դնում մի քանի ջրաղացներ։

 

Բագարանի պատմությունը չնայած հատուկ ուսումնասիրության առարկա չի դարձել, սակայն պատմագիրների և այլ աղբյուրների վկայությունների հիման վրա կարելի է ուրվագծել իր ընդհանուր կողմերով։ Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդունիների վերջին թագավոր Երվանդ Դ-ն մ.թ.ա. II դարի սկզբներին և, նախկին մայրաքաղաք Արմավիրից այստեղ տեղափոխելով կուռքերը, այն դարձրել էր Արարատյան թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը։

Սակայն շուտով Արտաշես Ա–ն, որ սպանել էր Երվանդ թագավորին և նրա քրմապետ եղբորը, Բագարանից կուռքերը տեղափոխում է իր կառուցած Արտաշատ մայրաքաղաքը։
Դրանից հետո Բագարանն անշքանում է և ավելի քան 1000 տարի մեր պատմության մեջ չի հիշատակվում։ VIII դարի վերջերին այն Արշարունիք ու Շիրակ գավառների հետ միասին դառնում է Բագրատունի Աշոտ Մսակերի սեփականությունը, որը այն դարձնում է իր աթոռանիստը։

Սկսած այդ ժամանակներից, Բագարանը բավական բարգավաճում է, և Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա–ն (885— 890) այն դարձնում է նորահիմն թագավորության մայրաքաղաքը։ Բագարանը Բագրատունիների թագավորության գոյության ամբողջ ընթացքում համարվում էր բարգավաճ բնակավայրերից մեկը, որտեղ կատարվել են քաղաքացիական և եկեղեցական կարևոր կառուցումներ։

Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավելյան իշխանը 624թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։

Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։

Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և ՀովհաննեսՍմբատ թագավորի օրոք 1030թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։

Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։ Պատմական Բագարան քաղաքի տեղում եղած Բագարան գյուղը XX դարի սկզբներին ուներ շուրջ 350 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։

Նեղվելով թուրքական հայաջինջ քաղաքականությունից, նրա հայ բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղթեց ու վերաբնակություն հաստատեց Երևանի նահանգի տարածքում։ Այժմ նույն տեղում գոյություն ունի քրդաբնակ մի գյուղակ՝ կրելով Բաքրան անունը։

(Visited 9 times, 1 visits today)