Ո՞վ է Ստամբուլի ամենահայտնի պալատի հայ ճարտարապետը

Ով է Ստամբուլի ամենահայտնի պալատի հայ ճարտարապետը.

Նշենք, որ Բալյանների գերդաստանը եղել է Օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների գերդաստաններից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը:

Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալյանի» իտալական տոհմ:

Եվ այսպես, ստորև ներկայացնենք Բալյանների գերդաստանից թերևս ամենահայտնի ճարտարապետ Կարապետ Բալյանի կյանքից որոշ մանրամասներ:

Կարապետ Բալյանը ծնվել է 1800թ.-ին Կ.Պոլսում՝ հայտնի ճարտարապետ Գրիգոր Բալյանի ընտանիքում: Նրա առաջին գործը եղել է Յեդիքուլեի հայկական հիվանդանոցի կառուցումը: Սակայն Կարապետ Բալյանի ամենահայտնի ստեղծագործությունը, թերևս, իր որդի Նիկողոս Բալյանի հետ միասին կառուցած Դոլմաբահչե պալատն է, որը մինչ օրս հանդիսանում է Ստամբուլի խորհրդանիշերից մեկը:

Բալյանը հայ համայնքին ծառայել է ոչ միայն որպես ճարտարապետ, այլև որպես համայնքի խորհրդի անդամ ու բարերար:

Հայտնի ճարտարապետի 10 երեխաներից 4-ը՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը, հետագայում շարունակել են հոր մասնագիտությունը:

Օսմանյան պատմագրության մեջ Բալյանը հիշատակվում է որպես «Դոլմաբահչեն կառուցած ճարտարապետ»։
Նշվում է, որ նա հանդիսացել է պալատական ճարտարապետ Մահմուդ Երկրորդ, Աբդուլմեջիթ և Աբդուլազիզ սուլթանների օրոք:

Հայտնի է նաև, որ 30 տարվա իր գործունեության ընթացքում Բալյանը կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 մզկիթ, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար և 7 եկեղեցի:

Թեև հայտնի է, որ նա թաղվել է Բեշիքթաշի հայկական գերեզմանատանը, սակայն նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է մնում:

Անցալ տարի «Ակօս» թերթն առաջ էր քաշել մի վարկած, ըստ որի Բալյանի գերեզմանաքարը հայտնվել է Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող մի շինհրապարակում:

(Visited 5 times, 1 visits today)