Քչերը գիտեն թե ինչ է նշանակում Կարաբալա և ինչ էր Կարաբալայի իրական անունը

Կարաբալա

Աբովյան փողոցում զբոսնելիս երևի հանդիպել եք մի ծերունու արձանի: Ցնցոտիների մեջ կծկված նա ծաղիկ է մեկնում անցորդներին: Զարմանալի է, բայց պարզվում է, որ արձանից էլ բարություն ու քնքշություն կարող է ճառագել:

Իսկ պատճառն այն է, որ այդ ծաղկավաճառ պապիկը ինքը բարությունն է եղել. նա սիրում էր բոլոր-բոլորին ու ամեն առավոտ թարմ ծաղիկներով բարի լույս էր մաղթում իր քաղաքին: Եվ քաղաքն էլ նրան էր սիրում ու չէր կարող իր կյանքը պատկերացնել առանց այդ ծերունու: Ծաղկավաճառ ծերունուն կոչում էին Կարաբալա…

Կարաբալան վաղուց է մահացել, բայց նրա մասին լեգենդը դեռ շրջում է քաղաքում: Կարաբալա նշանակում է «սև տղա», սակայն իրականում ծաղկավաճառի անունը Ստեփան Հարությունյան է եղել: Նա ծնվել էր 20-րդ դարի սկզբին, սակայն ոչ ոք չգիտեր նրա ծննդյան ստույգ թվականը:

Կարաբալայի ընտանիքը եղել էր հարուստ, սակայն Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո կորցրել էր ամեն ինչ, ձերբակալվել: Ձերբակալության տարիներին նրան լքել էր կինը և արգելել հանդիպել որդուն: Դժբախտ ու միայնակ Կարաբալան այլևս ոչ ոք չուներ և փողոց էր դուրս գալիս իր սրտում ամփոփված մե՜ծ, շա՜տ մեծ սերը նվիրելու սովորական անցորդներին:

Օրը երկու անգամ` վաղ առավոտյան ու երեկոյան, նա հայտնվում էր Աբովյան փողոցում՝ ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Եվ քաղաքը լցվում էր երփներանգ ծաղիկներով, դառնում ավելի լուսավոր ու պայծառ:

Բարձրահասակ, նիհար Կարաբալան ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջ ձեռքով առաջ էր պարզում մի հատիկ վարդը:

Նա կարող էր ծաղիկը պարզապես նվիրել մի գեղեցիկ աղջկա, մի բարեհամբույր կնոջ կամ որևէ ծանոթի, ով այդ պահին կշահեր իր համակրանքը:

Ու նրա ծաղիկները մուտք էին գործում մարդկանց բնակարաններ, ժպտում էին ծաղկամանների միջից ու սեր ու բարություն սփռում իրենց շուրջը: Կարաբալան վարդեր էր սիրում վաճառել, թեև պատմում էին, որ առաջին ձնծաղիկները նրա ձեռքով էին քաղաք մտնում դեռ այն ժամանակ, երբ Երևանում ձյունը հալված չէր լինում:

Համաձայն լեգենդի` Կարաբալան վախճանվել է հենց փողոցում: Ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվը նույնպես անհայտ է:

Զարմանալի կյանք ապրեց Կարաբալան, որ անհայտ սկիզբ ու անհայտ ավարտ ունեցավ: Նրա կյանքը լի էր տխրությամբ, բայց նա մարդկանց ուրախություն էր բաժանում ու սեր: Նրա հիշատակն ապրեց ավելի երկար, քան ինքը ծաղկավաճառը:

Կարաբալան դարձավ անշահախնդիր բարության խորհրդանիշ: Նրա մասին բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր գրվեցին, նրա կերպարը մարմնավորեցին անգամ ֆիլմում: Իսկ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի շնորհիվ Երևանն այսուհետև երբեք չի բաժանվի Կարաբալայից:

1995 թվականին քանդակագործի հրաշալի աշխատանքը տեղադրվեց Կարաբալայի սիրելի Աբովյան փողոցում, այնուհետև տեղափոխվեց Տերյան փողոց: Վերջերս Կարաբալայի արձանը կրկին տեղափոխեցին Աբովյան փողոց, սակայն տեղադրեցին կրկին անհարիր տեղում:

Սակայն որտեղ էլ որ գտնվի բարի ծերուկի արձանը, միշտ իր շուրջը զարմանալի աշխարհ է ստեղծում: Կարաբալային նայելիս մարդիկ ավելի բարի են դառնում, ակամայից ժպտում ու մի կտոր ջերմություն իրենց հետ վերցնելով՝ շարունակում են ճանապարհը:

Դիտեք նաև՝

Հեղ.` Ա. Ալեքսանյան

(Visited 4 600 times, 2 visits today)