Սա խորհրդանշական փաստ է. Փաշինյան

««2021-ին զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել. սա խորհրդանշական և գաղափարական նշանակություն ունեցող փաստ է». Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողություններին մասնակցելիս զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց.

«Գործող կարգավորումներով արդեն իսկ զոհված և մահացած զինծառայողների ծնողներին տրամադրվում են որոշակի սահմանափակ հնարավորություններ՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը։ Օրինակ չեն ծածկում փոխնակ մոր ծառայությունների, դոնորական ծառայությունների ծախսերը»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ այս նախագծի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ըստ վերջին վերլուծությունների՝ այս պահին բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, բայց քանի որ այդ ծառայությունները թանկ են, նրանք չեն կարողանում իրականացնել այդ որոշումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ սա պարզ հարց չէ և բազմաթիվ նրբություններ ունի, և այս որոշումներին հանգել են փուլ առ փուլ։

«Մեր զոհված զինծառայողների ծնողների հետ ամենատարբեր շփումների, քննարկումների արդյունքում ենք եկել այս որոշման և այն կայացրել ենք այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ իրենք են բարձրացնում, որ նման հարցեր կան ու ակնկալում են, որ կառավարությունը լուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ ավելացվել են հնարավոր բոլոր ծառայությունները, որ աջակցեն նման բարդ որոշման կայացմանը։

«2021թ.-ի ընթացքում արդեն իսկ ունենք 27 հղիություն։ Ունենք 35 դիմում և շահառուների խումբ, որոնք սպասում են այս հատվածի ներառմանը»,-ասաց նախարարը։

(Visited 2 times, 1 visits today)