Ժողովրդի թշնամու ազգականը… Մարշալ Հովհաննես Բաղրամյան

Չարդախլու փոքրիկ գյուղում ծնվեց մի տղա, որին վիճակված էր առանցքային դեր խաղալ աշխարհը ֆաշիստներից փրկելու գործում։
Խորհրդային ականավոր զորահրամանատարներից մեկը՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը, որը փառքի է արժանացել իր փայլուն հաղթանակներով, ծնվել է 1897 թ․-ի դեկտեմբերի 2-ին։Մեծ զորավարի ճակատագիրն առանձնահատուկ է. ամբողջ պատերազմի ընթացքում նա ոչ մի անգամ չի վիրավորվել, բայց նրա կյանքը բազմաթիվ անգամ է մազից կախվել։

Հայկական Չարդախլու գյուղը դարեր շարունակ ենթարկվել է անդրկովկասյան թուրքերի ասպատակություններին։ Շրջապատված լինելով թշնամիներով` տղաներին վաղ մանկությունից սովորեցնում էին, որ պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։
Ինչպես հարցազրույցներից մեկում պատմել է Բաղրամյանի համագյուղացին, ապագա մարշալը, երբ 14 տարեկան դեռահաս էր, մի անգամ կռվել է կողքի գյուղի հասուն տղամարդկանցից մեկի հետ։

Ոտքի վրա է մնացել ամբողջ կռվի ընթացքում, թեև բազմաթիվ կապտուկներ է ստացել։ Հետագայում ծերունիները կատակել են, թե հենց այդ կռվի միջոցով էլ նա Խորհրդային Միության կրկնակի հերոս դարձավ։
Քչերը գիտեն, որ 1938թ․-ին Բաղրամյանին` որպես ժողովրդի թշնամու ազգականի, հեռացրել են զինվորական ծառայությունից։ Բանն այն է, որ դրանից մեկ տարի առաջ ռեպրեսիայի էին ենթարկել նրա եղբորը, որն աշխատում էր Բաքվում՝ տրանսպորտային ոլորտում։

Բաղրամյանը բոլոր հնարավոր ձևերով փորձել է պաշտպանել նրան, արդյունքում մեկ տարի անց իր անունը չի գտել Գլխավոր շտաբի ակադեմիայի շրջանավարտների ցանկում, թեև քննությունները գերազանց էր հանձնել։
Մնալով առանց ապրուստի միջոցի` ապագա մարշալի ընտանիքը մոտ կես տարի գրեթե աղքատության մեջ է ապրել։ Բաղրամյանը նույնիսկ քաղաքացիական հագուստ չի ունեցել, և երբ պետք է եղել լուսանկարվել անձնագրի համար, ստիպված կնոջ՝ Թամարայի վերարկուն է հագել։

Արդյունքում նա մի հուսահատ քայլի է դիմել․ մի գնդապետի հետ, որին նույնպես հանիրավի հեռացրել էին բանակից, նա փորձել է ներխուժել Կրեմլ՝ պաշտպանության ժողկոմիսար Վորոշիլովի մոտ։ Նրանց մերժել են։ Այդ ժամանակ, ի նշան բողոքի, նստել են ուղիղ Սպասսկայա աշտարակի տակ․․․ Հաջորդ օրը, Վորոշիլովի հետ հանդիպումից հետո, երկու գնդապետների կոչումները վերականգնվել են և թույլ են տվել ծառայության անցնել բանակում։

Շատերը գիտեն, որ մարշալն ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել միայն մեկ կնոջ՝ Թամարային, սակայն քչերին է հայտնի, որ ամուսինները մինչև կյանքի վերջին օրերը պահպանել են հարաբերությունների քնքուշ ռոմանտիկան։ Մարշալի թոռը՝ Կարինան, մի անգամ պատմել է, որ աշխատանքի գնալիս պապը տատիկի համար սրտառուչ երկտողներ էր թողնում՝ սիրո խոստովանություններով։ Իսկ երբ սիրելի Թամարան մահացավ, մարշալը կյանքում առաջին անգամ արտասվեց․․․

Խորհրդային զորահրամանատարի սիրո պատմությունը նույնպես յուրահատուկ է։ Ապագա մարշալը 20 տարեկանում խելակորույս սիրահարվում է չքնաղ Թամարային, որն այդ ժամանակ ուրիշի հետ էր նշանված։ Սակայն ճակատագիրը հավանաբար որոշել էր ամեն գնով միավորել նրանց։ Շուտով Թամարայի ամուսինը զոհվում է։ Այդ մասին իմանալով` Բաղրամյանը վերադառնում է հայրենիք և, բամբասանքներին ուշադրություն չդարձնելով, ամուսնանում արդեն հղի Թամարայի հետ։

Մովսես Բաղրամյան անունով տղային նա սեփական որդու պես է դաստիարակում։ Շուտով նրանք նաև դուստր են ունենում, անունը դնում Մարգարիտա։
… Երբ Թամարան երկար հիվանդությունից հետո մահացավ, Բաղրամյանը թողեց իր մոսկովյան բնակարանը, տեղափոխվեց ամառանոց և այնտեղ ապրեց մինչև մահ․․․

Մի կողմից՝ Հովհաննես Բաղրամյանը հերոս է և անվախ զորահրամանատար, մյուս կողմից՝ նուրբ սրտով ռոմանտիկ, որը հանուն սիրելի կնոջ անցել է արգելքների ու պայմանականությունների վրայով։

(Visited 38 times, 1 visits today)