Տոկաեւը շնորհավորել էր Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»․ ՀԱՊԿ-ը մերժել էր ՀՀ դիմումը, բայց զորք է մտցնում Ղազախստան

Նիկոլ Փաշինյանը, ով այս տարի նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, տեղեկացրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանն ագրեսիայի է ենթարկվել դրսից, ահաբեկչական խմբավորումների կողմից։ Փաշինյանի գրառման մեջ նույնպես նշվում է արտաքին միջամտության հանգամանքը։ Արտաքին միջամտությունը ՀԱՊԿ զորքեր մտցնելու պայմանն է։ Ճիշտ է, այս կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ են արվել, ըստ որոնց ՀԱՊԿ-ը կարող է արդեն միջամտել նաեւ անդամ երկրների «Սահմանադրական կարգին» սպառնացող վտանգի պարագայում, սակայն դա քիչ ինչ տհաճ հանգամանք է տվյալ երկրի ղեկավարության եւ նույն ՀԱՊԿ-ի համար։ Առավել եւս այդ կազմակերպության բնույթի եւ իրական նպատակների պայմաններում։

Ղազախստանի ղեկավարությունը դիմել է արտաքին ագրեսիայի հիմքով։ Եվրասիական կլուբի երկրների բռնապետական ռեժիմների համար արտաքին դավադրություններին հղումը միակ հնարքն է։ Ներքին ձախողումները բոլոր ոլորտներում, հակամարդկային-մառազմատիկ ռեժիմների ձեւավորումն ի վերջո հանգեցնում է պայթյունների, ինչպես եղավ Բելառուսում, Ղազախստանում։ Սեփական ժողովրդի դեմ օտար ուժեր հրավիրելը թանկ է նստելու Ղազախստանի ներկայիս ռեժիմի վրա։

ՀԱՊԿ-ը առաջին գործողությունն է սկսում երկրի ներքին գործերին միջամտելու հարցում։ Մինչ այդ, ՀԱՊԿ-ը մերժել էր արտաքին ագրեսիայի ենթարկված Հայաստանի դիմումը, արդարացնելով Բաքվի գործողությունները։ Ավելին, ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այդ թվում Տոկաեւը, 2020-ի դեկտեմբերի հավաքին շնորհավորել էին Բաքվին «Հայաստանի դեմ պատմական հաղթանակի համար»։

Հայաստանի մերժումը եւ Ղազախստանի ռեժիմի դիմումը բավարարելը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը ոչ թե ռազմաքաղաքական դաշինք է, այլ եվրասիական կլուբի կլեպտոկրատ ռեժիմների գոյությունը պահելու եւ Բաքվին ծառայելու մոսկովյան գործիք։

lragir.am

(Visited 3 times, 1 visits today)