Նամակներ՝ Շահումյանի անտառներից… Այսօր Արցախի հերոս Շահեն Մեղրյանի 70-ամյակն է

1992թ.-ից ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Շահումյանի շրջանում՝ թշնամու խորը թիկունքում, Մեղրյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ իրականացվել է Արցախյան ազատամարտի ընթացքում աննախադեպ ու ծավալուն պարտիզանական պայքար:

Շահումյանի անտառներում գործող հայկական ուժերը՝ «Եղնիկները», ոչ միայն լուրջ խնդիրներ էին ստեղծում թշնամու համար, այլեւ, շատերի համոզմամբ, ի վերջո կարող էին ազատագրել ամբողջ շրջանը:

1993թ. ապրիլին, խոցվեց ուղղաթիռը, որում Շահեն Մեղրյանն ու նրա զինակիցներն էին: Հրամանատարի զոհվելուց հետո պարտիզանների մի մասը շարունակեց պայքարը, նույնիսկ եղան որոշ հաջողություններ, բայց Շահումյանի շրջանն, այնուամենայնիվ, չազատագրվեց:

Մեդիամաքսը ներկայացնում է այդ տարիներին Մեղրյանի նամակագրության որոշ հատվածներ, որոնց մասին զրուցել ենք նրա որդու ու զինակից ընկերոջ հետ:

«Հայրիկը շատ լավ է, շուտով կսկսենք հայրենիքի ազատագրումը»

«Ինը տարեկան էի, երբ հայրս զոհվեց, իսկ 6 տարեկանից նրան գրեթե չեմ հանդիպել՝ ճակատում էր», — ասում է Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը:

«Բարեւ ձեզ, իմ սիրելի բալիկներ:

Հայրիկը շատ լավ է զգում իրեն, միայն թե շատ-շատ է կարոտում ձեզ: Մեր մոտ ամեն ինչ նորմալ է, շուտով կսկսենք աշխատել հայրենիքի ազատագրման ուղղությամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում:

Գարնանն անպայման դպրոց եք հաճախելու, դրա համար պետք են ամենօրյա պարապմունքներ: Լուսինե եւ Լիլիթ ջան, օգնեք Զինավորին: Մամային լսեք, ապային ու այային մի մոռացեք:

Շուտով կհանդիպենք: Արտատափ, 17.02.1993թ.»

«Սա մեզ գրված երեւի եզակի նամակներից է ու նաեւ վերջինը՝ հայրիկի զոհվելուց առաջ: Այս նամակից հետո նրա հետ կապ այլեւս չի եղել», — պատմում է Զինավոր Մեղրյանը:

Նամակը գրելու պահին Զինավորն 9 տարեկան էր, նրա քույրերը՝ 11 եւ 12 տարեկան: Որդու խոսքով՝ զարմանալի չէ, որ այդ տարիքի երեխաների հետ Մեղրյանը կիսվում է «հայրենիքի ազատագրման պլաններով»:

«Այս նամակը գրելու ժամանակ մշակվում էր Գյուլիստանի ազատագրման գործողությունն ու հաջորդիվ նախատեսվում էր ազատագրել ամբողջ Շահումյանը: Արդեն այդ տարիքում հայրս մեզ հետ շփվում էր մեծ մարդկանց նման, որոնք պետք է տեղյակ լինեն՝ ինչ է կատարվում ճակատում: Հիմա, երբ հետ եմ նայում, գիտակցում եմ՝ որքան հարգանքով էր վերաբերվում մեզ, տեղեկացնում պլանների մասին:

Նա վստահ էր, որ այդ վերաբերմունքով հատուկ մի ժառանգություն է թողնում՝ հայրենիքը սիրելու, կարեւորելու: Քույրերիս նկատմամբ, բնականաբար, ավելի փափուկ էր, իսկ ինձ հետ շփվում էր տղամարդու պես: Կարծում եմ՝ հասկանում էր, որ ժամանակի խնդիր ունի ու ուզում էր հասցնել մեզ արագ դաստիարակել, որոշակի հմտություններ ու կյանքի կարեւոր սկզբունքներ փոխանցել», — ասում է Զինավոր Մեղրյանը:

Ռազմի դաշտից գրված նամակում Մեղրյանը չի մոռանում երեխաներին հիշեցնել դպրոցի կարեւորության մասին:

«Սա իրեն շատ բնորոշ է: Պատերազմի ամենաթեժ օրերին, Շահումյանի անկումից հետո, այդ մեծ ողբերգության պայմաններում էլ նա երբեք չէր կորցնում սթափությունը: Բացառվում էր, որ ստեղծված իրավիճակի պատճառով սկսեր ինչ-որ կարեւոր բաներ ստորադասել: Կրթությունը նրա առաջնահերթություններից էր՝ անկախ պատերազմից», — ասում է Զինավոր Մեղրյանը:

«Հայրս սիրո ու խստապահանջության համադրություն էր: Այս երկուսի բալանսը նրա մոտ երբեք չէր խախտվում: Որքան սեր էր տալիս մեզ, նույնչափ էլ խստապահանջ էր»:

 

«Շահե՛ն, եզրակացության եմ եկել՝ կուսակցությունները մեր տունը կքանդեն»

Նամակագրության մեջ ուշագրավ է Վազգեն Սարգսյանի նամակը Շահեն Մեղրյանին:

«Շահեն, բարեւ

Դեռ ամեն բան չէ, որ կորած է: Ողջունում եմ ձեռնարկդ, կարծում եմ՝ հաջողելու ես:

Մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, չնայած… «երեսուն տանկ» քեզ չուղարկեցի…

Վերջերս եզրակացության եմ եկել՝ կուսակցությունները մեր տունը կքանդեն: Քեզ էլ եմ զգուշացնում, եթե դեռ գլխի չես ընկել:

Կհանդիպենք, կխոսեքն: Ձիգ մնա: Քո ընկեր՝ Վ. Սարգսյան»

«Կարծում եմ՝ այս նամակը գրված է 1992թ. աշնանը: Վազգենի ու հայրիկի հարաբերությունները բավականին ջերմ էին, բայց Շահումյանի անկման հետ կապված դեպքերը որոշակի սառնություն էին մտցրել նրանց միջեւ: Նամակում եւս այդ մասին նշված է: Խոսքը հետեւյալի մասին է՝ Շահումյանի անկումից հետո հայրիկը մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ ասաց նաեւ, որ իրենք օգնության են սպասել, որը ժամանակին չի հասել: Նկատի ունենալով, որ պատասխանատուներից մեկն էլ Վազգեն Սարգսյանն էր, վերջինս այդ մասին նշել է նամակում՝ «մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, չնայած՝ երեսուն տանկ քեզ չուղարկեցի»:

Ինչ վերաբերում է ձեռնարկին, որն, ըստ Վազգենի, հաջողելու է, Շահումյանի անտառներում պարտիզանական շարժում սկսելու մասին է: Պետք է նկատի ունենանք, որ այն իր ձեւով ու բովանդակությամբ Արցախյան առաջին ազատամարտի ու նաեւ մինչեւ օրս, թշնամու խորը թիկունքում մեր միակ պարտիզանական շարժումն է եղել: Երբ փաստացի մի ամբողջ շրջան արտագաղթած էր, ջարդված, պարտված, բայց ծնկի չեկած: Նրանք 17 պարտիզաններով սկսեցին պայքար, որն արդյունքում կարող էր հանգեցնել ամբողջ շրջանի ազատագրմանը», — ասում է Զինավոր Մեղրյանը:

Նամակը գրելու շրջանում բավականին սրված էին Դաշնակցության ու օրվա քաղաքական իշխանությունների հարաբերությունները:

«Հաշվի առնելով, որ հայրիկը դաշնակցական էր, Վազգեն Սարգսյանն անդրադառնում է նաեւ այդ հարցին: «Եղնիկների» պայքարի սկիզբը միանշանակ դրվեց Դաշնակցության աջակցությամբ՝ կորիզը շահումյանցիներն էին, իսկ ամբողջ նյութատեխնիկական աջակցությունն անում էր Դաշնակցությունը: Հետագայում, սակայն, Հայաստանի իշխանությունը՝ պաշտպանության նախարարությունը, սկսեց լրջորեն աջակցել այս պայքարին ու «Եղնիկների» դեպքում իշխանություն-Դաշնակցություն հակադրությունը հարթվեց», — ասում է Զինավոր Մեղրյանը:

«Նովի՛կ, Շահումյանի օպերացիան սկսում ենք երկու ուղղությամբ»

Շահեն Մեղրյանի ընկերներից, «Եղնիկների» պայքարի հիմքում կանգնած հրամանատար Նովիկ (Արմո) Գյուլումյանը հաճախ է հիշատակվում Մեղրյանի նամակներում: Պարտիզանական պայքարի սկզբում Նովիկ Գյուլումյանը Վերիշենի ջոկատի հրամանատարն էր, հետագայում տեղում ղեկավարում էր «Եղնիկների» գործողությունները, կատարում հետախուզությունների մեծ մասը:

«Շահեն Մեղրյանը հայրենասիրության վերջին աստիճանն ուներ, դրանից այն կողմ ուղղակի հնարավոր չէր: Պրոֆեսիոնալ զինվորական չէր, բայց երանի այսօրվա մեր զինվորականները նրա կիսով չափ մտածեին, երեւի այլ իրավիճակում կլինեինք հիմա», — ասում է Նովիկ Գյուլումյանը:

Նա հիշում է՝ Շահումյանի անկումից հետո չհանձնվելն ու պարտիզանական պայքար սկսելը Մեղրյանի միտքն էր.

«1992թ.-ին, երբ ամբողջ Շահումյանի շրջանը մեր վերահսկողությունից դուրս էր, Հաթերքում էինք, Մեղրյանն այնտեղ մի տանն էր մնում, ինձ կանչեց, ասեց՝ «սենց բան եմ մտածել, ի՞նչ կասես»: Պատասխանեցի՝ «ճիշտ եք մտածել, ամոթ կլինի մենք այսպես թողնենք, գնանք»: Ես Վերիշենի ջոկատի հրամանատարն էի ու իմ տղերքն ամեն ինչի պատրաստ էին:

Այդ ժամանակ անտառներում մեր ժողովրդից էլ էր շատ մարդ մնացել, մարդիկ տունը թողած, ոտքով անտառներով հեռանում էին, մտածեցինք՝ որքանով կարողանանք, իրենց էլ կօգնենք: Որոշ ժամանակ անց Շահեն Մեղրյանն ասաց՝ «քո տղաներից 4-5 մարդու վերցրա, դուք անտառներին լավ ծանոթ եք, մի հարմար տեղ գտեք բազայի համար, հետո հետս կապվի, տեղն ասա, ուղղաթիռներով անհրաժեշտ ամեն ինչ կուղարկեմ»: Մոտ 3 օր հետախուզություն արեցինք ու բազայի համար հարմար տեղ գտանք: Հաջորդ օրը Մեղրյանն իսկապես ուղարկեց բազայի համար անհրաժեշտ ամեն ինչ»:

(Visited 13 times, 1 visits today)