Միջնորդությունը մերժվեց… Հայտնի է որոշումը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։

Պաշտպանները որպես գրավի չափ սահմանել էին 30 մլն ՀՀ դրամը։

Նշենք, որ գործն արդեն դատաքննության փուլում է: Դատարանն անցել է գործում առկա ապացույցների ուսումնասիրությանը։

Նախորդ դատական նիստին Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել էր Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել:

Նա նշել էր, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է եւ դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել էր Լուսինե Ավետյանը` ասելով, որ հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում՝ ունենալով մի շարք հիվանդություններ, ստիպված է եղել նման ցուցմունք տալ, եւ որ որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։

Ավետյանն ասել էր, որ իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել, նշել էր նաեւ, որ ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին եւ իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։

(Visited 4 times, 1 visits today)