Վագանովան ֆանտաստիկ ուղեղ ուներ. Ճանաչենք մեր հայուհիներին

Ճանաչենք մեր Հայուհիներին
Ագրիպինա Վագանովան (Վահանյան 1879 -1951)

Նա եղել է բալետի պարուհի և պարուսույց, ռուսական դասական բալետի տեսության հիմնադիր, դասավանդել է նշանավոր բալետի պարուհիների մի քանի սերունդների, այդ թվում`Մարինա Սեմենովային և Գալինա Ուլանովային:

Վագանովան հայտնի է դարձել` չնայած բնությունը նրան չի տվել իդեալական բալետային տվյալներ. նրա վրա ծիծաղել են, նվաստացրել, սակայն այս կինը ներշնչել էր ինքն իրեն, որ ծնվել է բալետի համար:

Վագանովան հասկացել է, թե ինչ կարող է անել մարդկային մարմինը, ինչ միջոցներով կարող է հասնել կատարյալ ճկունության և շարժումների ճշգրտության: Նրա աշակերտները հետագայում կասեն`«Նա ամեն ինչ գիտեր մարմնի մասին»: Իր տված հարցազրույցներից մեկում մեծ պարուհի Մայա Պլիսեցկայան ասել է.

«Վագանովան ֆանտաստիկ ուղեղ ուներ: Նա ինձ համար Միքելանջելոն էր բալետում»: Ագրիպինա Յակովլևնա Վագանովան ծնվել է 1879 թ. հունիսի 14-ին, Սանկտ-Պետերբուրգում՝ հայ ընտանիքում: Ընտանիքը երեք դուստր ուներ, նա ամենաերիտասարդն էր:

Նրա հայրը` Հակոբ Վագանովը, ծառայել է որպես ենթասպա Աստրախանում, որտեղ այն ժամանակ արդեն հայ համայնք կար ձևավորված: Հակոբ Տիմոֆեևիչը պարսկահայ է եղել արմատներով: Ընտանիքն ապրել է վատ, ծանր պայմաններում:

Ագրիպինան 10 տարեկանում ընդունվել է Սանկտ Պետերբուրգի թատրոնի դպրոցի բալետի դասարան: Ավարտելուց հետո Վագանովան ընդունվել է Մարիինյան թատրոնի բալետի բաժին: Մի քանի տարի անց նա ստացել է մենակատարի կարգավիճակ:

Վագանովան փայլուն հաջողության էր հասնում անհատական համարներում: Ագրիպինա Յակովլևովան դառնորեն էր հիշում իր կյանքը բեմում: Բալետներում հիմնական դերերը վստահվել են իրեն կատարողական կարիերայի ավարտից միայն կարճ ժամանակ առաջ: 1915-ին նա ստացավ բալետի մենակատարուհու կոչում, իսկ 1916-ին արդեն թողեց բեմը:

Այնուհետև սկսվեց նրա մանկավարժական գործունեությունը: Վագանովան անցկացրեց իր առաջին դասը, ապա երկրորդ, երրորդը, և հանկարծ նա հասկացավ ամեն ինչ: Նա ծնվել էր որպես բալետի ուսուցիչ, ոչ թե կատարող, և դա էր ողջ գաղտնիքը: Ի՜նչ հաճելի էր ուսուցանել, նրա խստությունն ու անմիջականությունը, հազվագյուտ գովասանքները քննարկման թեմա էին ռուսական բալետի աշխարհում:

Նրա համբավը որպես ուսուցիչ վերելք էր ապրում: Ագրիպինա Վագանովան մշակեց իր ուրույն մանկավարժական ծրագիրը: 20-րդ դարի բալետի ստեղծման գործում վճռական դեր է խաղացել «Վագանովայի համակարգը»: 1934-ին հրապարակվեց Ագրիպինա Վագանովայի «Դասական պարի հիմունքները» գիրքը: Գիրքն ունեցավ վեց հրատարակություն և թարգմանվեց աշխարհի տարբեր լեզուներով:

1951 թ. նոյեմբերի 5-ին Վագանովան հեռացավ կյանքից: Նրա հետ հրաժեշտի ընթացքում հնչում էր «Կարապի լճից» մի հատված: Իսկ մեծ պարուսույցին նվիրված վավերագրական ֆիլմում Մայա Պլիսեցկայան նշում է. «Երկրորդ Վագանովա չի եղել, և ես չգիտեմ՝ կլինի արդյոք…»

(Visited 22 times, 1 visits today)