Ինչքան էլ ատես իշխանությանը՝ երկիրը քացու տակ չպետք է գցես․ Անի Սամսոնյան

ArmLur.am-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:

– Ինչպե՞ս կամփոփեք անցնող 2021-ը: Քաղաքական առումով, կարծես, բուռն տարի էր՝ ցույցեր, խորհրդարանական արտահերթ ընտրություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և այլն: Եթե խոսելու լինենք այդ գործընթացների բովանդակային մասից, ապա ի՞նչ գնահատական կտաք դրանց:

2021 թվականը իմ պատկերացումներով պետք է լիներ հետպատերազմյան արթնության տարի։ Մեր մարդկային, տարածքային, նյութական, բարոյական կորուստները պետք է դրդապատճառ դառնային, որպեսզի օբյեկտիվ գնահատեինք անցյալը, վերաիմաստավորեինք մեր ներկան և ապագա ունենալու համար դառնայինք ավելի միասնական և համերաշխ։

Ցավոք, դա տեղի չունեցավ, որովհետև, նախ՝ մենք, այդքան խիզախություն չունեցանք ուղիղ նայել նախկին սխալներին, հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել պետության, ազգի հետ, հետո՝ մեր ներսում ազնիվ և պարզ հայրենասիորւթյան փոխարեն զմռսված է վուլգար, կեղծավոր, անձնական շահին գերի և ճղճղան հայրենասիրությունը։ Մենք ասելով՝ նկատի ունեմ բոլորին՝ նախկին իշխանությանը, ներկա իշխանությանը, ընդդիմադիր դաշտին, ինչպես նաև ժողովրդին, որովհետև այս անպտուղ քաղաքական դաշտը, նախևառաջ, ժողովրդի ստեղծագործությունն եմ համարում, ուզում է իմ անկեղծությունը նրանց դուր գալ, թե՞ ոչ։

Բայց, երևի, իդեալիստ լինելը միամտություն է, որովհետև 2021-ին այս պատկերացումն իրականում փոշիացավ արտահերթ ընտրությունների ժամանակ թե՛ քարոզչության բովանդակության մեջ, թե՛ ընտրության արդյունքներով։ Երբ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ գնացիք արտահերթ ընտրության ու դուրս մնացիք խորհրդարանից, պատասխանում եմ, որ ուզում էինք հաղթահարել ներքին ատելության, քաղաքական բարոյական ճգնաժամը, հանգստացնել վտանգավոր կրքերն, ու ըստ իս՝ մենք հասանք դրան։ Բայց մարդիկ ինձ միանգամից հակադարձում են՝ ասելով, որ ոչ թե հաղթահարեցիք իրավիճակը, այլ այդ վիճակն ընդամենը պառլամենտ տեղափոխվեց, ոչինչ էլ չփոխվեց։

Դրա հետևանքով մենք շարունակում ենք ունենալ տարածքային բռնազավթումներ Ադրբեջանի կողմից, արտաքին աշխարհը, մեզ աքցանի մեջ պահած, որքան հնարավոր է սեղմում է։ Իսկ մենք միասնական կամք ու անհաժեշտ իմունիտետ չունենք այդ ճնշումներին դիմադրելու համար։ ՏԻՄ ընտրություններից ևս գոհ չեմ, թե՛ իմ քաղաքական ուժի ակտիվության, թե՛ այդ ընտրությունների որակի առումով։ Տեղական իշխանության հասնելու համար արատավոր բարքերը և զոռբայությունը պարզապես շարունակվում են։
Կարող եմ արձանագրել, որ 2021-ին ին մենք ավելի իմաստուն, խելացի և լավը չէինք, քան 2020-ին: Եթե այսպես շարունակենք, 2022-ն էլ է նույնը լինելու կամ ավելի վատը, որովհետև չենք հարգում և չենք գնահատում մեզ տրված ժամանակը։

– Երկրի համար առաջնային հարցեր են շարունակում մնալ ռազմագերիների ու անհետ կորածների հարցը: Հայաստանի իշխանության ջանքերի շնորհիվ, փաստորեն, պատերազմից մինչ օրս որևէ ռազմագերի չի վերադարձվել: Սա ինչի՞ մասին է խոսում:

– Ես պնդում չէի անի, որ իշխանությունների ջանքերով մինչևս օրս որևէ ռազմագերի չի վերադարձել։ Այո՛ ուղիղ երկխոսության միջոցով կամ բանակցելով դա չի ստացվել, բայց եղել է տարբեր միջնորդների միջոցով՝ Մոսկվա կամ ԵՄ, եվրոպական կառույցներ։ Դա ևս ջանք է փնտրել միջնորդներ և նրանց միջոցով հասնել հարցի լուծման։ Բազմիցս ասել եմ, որ հենց սկզբից ռազմագերիների հարցին իշխանությունները ցուցաբերել են սխալ մոտեցումներ, որոնք շարունակվում է մինչև օրս։

Մերժում եմ ու դատապարտում եմ այն միտումը, որ ելնելով իշխանության նկատմամբ ատելության զգացումից՝պետք է սեփական երկիրդ քացու տակ գցես, ինչպես վարվում են ընդդիմադիր դաշտում շատերը՝ միևնույն ժամանակ իրենց դասելով անզիջում և բարձր հայրենասերների էլիտային։ Իշխանությունը կարող է օրուգիշեր արդարանալ, թե ինչու չի լուծում այս կամ այն (օրինակ՝ ռազմագերիների), բայց եթե ինքդ չես կարողանում հարցը լուծել, ապա արդարանալու փոխարեն կարող ես գոնե մարդկանց կամ այլ տարբերակներ գտնել, որ կարող են լուծել այդ հարցը։ Ես նախընտրում եմ վերջինը, որովհետև կարևորը ռազմագերիների հարցը լուծելն է։
Առաջնային է նաև երկրի սահմանների ու բանակի վերազինման հարցը: Այս մասով փոփոխություններ եղե՞լ են, ի՞նչ եք Դուք նկատել:

– Ձեր նշած հարցով, եթե փոփոխություն լիներ, Ադրբեջանը համարձակ և անարգել կերպով այսօր նստած չէ՞ր լինի մեր սուվերեն տարածքում։

-Իշխանությունը պատերազմից հետո ռազմավարական կանխատեսումներ չի արել, մարտավարություն չի մշակել հնարավոր վտանգներից խուսափելու համար և միգուցե մինչև օրս էլ երկարաժամկետ կամ կարճաժամկետ պաշտպանության պլան չունի։ Եվ այստեղ իշխանությանը ոչ մի արդարացում չկա, որովհետև կառավարումը նաև առաջնային երկրորդայինից տարբերակելու հմտությունն է։ Այս իշխանության կառավարման մոդելն իրավիճակային ռեակտիվությունն է։

Այդ պահին ինչ եղավ՝ դուրս գալ տակից, եթե չստացվի, փնտրել արդարացումներ և պատասխանատուներ։ Եվ մի բան էլ կա՝ դու կարող ես անել այնքան, որքանի որ ընդունակ ես։ Պետության և իշխանության խնդիրների մեծ մասի պատճառը մեծամտությունն է և ամեն ինչում ճիշտը լինելու կամակորությունը։ Բայց այդպես չի լինում։ Հուսամ 2022-ին նույն սխալները չեն կրկնի։

(Visited 5 times, 1 visits today)