Եվս մեկ խոստովանություն հետնամուտքից

Մենք հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի 3+3-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

3+3 կամ 2 ձեւաչափին ՀՀ իշխանությունը միացավ հետնամուտքից։ Ընդհանրապես, 2020-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ծրագրած եւ իրականացրած ռազմական արշավը եւ «հետպատերազմյա կարգավորումը»՝ Արցախի հարցի փոկւմ, սահմանազատում, միջանցքներ եւ այլն, Ռուսաստանն ու Թուրքիան իրականացնում են հետնամուտքից, շրջանցելով միջազգային լեգիտիմ կառույցները։

3+2-ը ռուս-թուրքական ծրագրերը «լեգիտիմացնելու» ձեւաչափ է, որն ուղղված է հայկական պետականության վերացմանը։

Նիկոլ Փաշինյանի՝ 3+2-ին մասնակցության մասին հայտարարեց Մոսկվան, մինչ այդ Փաշինյանը սեթեւեթում էր՝ դեռ պիտի տեսնենք, թե դա ինչ ձեւաչափ է։ Այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց Փաշինյանի մասնակցության մասին, վերջինս ասաց, թե մասնակցում են պայմանով, որ այդտեղ չպետք է քննարկվեն հարցեր, որոնք քննարկվում են այլ ձեւաչափերում։

Նիկոլ Փաշինյանը գործում է Մոսկվայի ուղիղ թելադրանքով, եւ հնարավոր է նրան մինչեւ վերջին վայրկյանը չեն էլ ասում, թե հաջորդ քայլը որն է լինելու։ Այդ քայլերի արանքում ամեն ինչ թողնված է նրա դեմագոգիկ տաղանդի վրա, որը գնալով արդեն չի բավարարում։

Հիմա, նրա ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ հայ-թուրքական խնդիրը կարող է քննարկվել 3+2-ում։ Վաղը պարզ է դառնալու, որ այդ ձեւաչափում ճանաչվում է Արցախի հարցի փակումը, քննարկվում են սահմանազատման, միջանցքների եւ այլ խնդիրները, որոնք ՀՀ իշխանության հայտարարության համաձայն՝ «կապ չունեն իրար հետ»։

3+2-ը հենց դրա համար է ստեղծվել՝ բոլոր հարցերը «ներսում» քննարկելու եւ Փաշինյանի ու ՀՀ ռուսական խորհրդարանի ստորագրությամբ ու վավերացմամբ «լեգիտիմացնելու» համար։ Շոյգու-Վաղարշակ բացահայտված հուշագիրը վկա։

(Visited 3 times, 1 visits today)