Ռուսներն են պահանջել, որ հայկական զորքերը դուրս գան․ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթը

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանն անդրադարձան մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։ Պատգամավորները հայտարարեցին, որ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն են ստորագրել հայկական զորքերը Սյունիքից հետ քաշելու փաստաթուղթը։

«Ուղիղ մեկ տարի առաջ Սյունիքում ադրբեջանցիներն իրենց GPS սարքերով մոտենում էին հայկական գյուղերին և ասում էին՝ սա մեր տարածքն է, այստեղ պետք է տեղակայվենք։ Եվ ըստ էության GPS-ով գծում էին մեր սահմանները։ Եվ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ բանավոր փոխըմբռնման հիմքով են առաջ եկել։ Մենք շարունակաբար տարբեր հարցումներ ենք ուղարկել կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, ինչպես նաև սահմանապահ զորքերին։ Այսինքն՝ տարբեր ձևերով փորձել ենք հասկանալ, թե ի վերջո ինչ փաստաթղթի հիման վրա են տեղ ունեցել այն գործընթացները, որոնք եղել են մեկ տարի առաջ Սյունիքում։

Մեր հանրությունը մեկ տարի անց պետք է տեղեկանա, թե այսօր, երբ ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում և վերահսկում են մեր ստրատեգիական նշանակության միջպետական ու համայնքային ճանապարհները, ի վերջո ինչ փաստաթղթի հիման վրա է դա տեղի ունեցել, որը մինչև այսօր մեզնից թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Սյունիքում համայնքապետերին ասել է, որ պետք է Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպել։ «Համայնքապետերն էլ խիստ տարակուսած հարցնում են՝ բա ինչո՞ւ պետք է Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպել, ի վերջո ի՞նչ պատճառներով է առաջնագիծը հասնելու Սյունիք, որ մենք պետք է ինքնապաշտպանությունը կազմակերպենք։ Համայնքապետերն ակտիվ խրամատավորվում են, լայնածավալ գործողություններ են իրականացնում։ Եվ դրանից հետո դեկտեմբերի 17-ին հրաման է գալիս, որ պետք է զորքերը հետ գան, որոնք տարբեր հատվածներում մինչև 20 կմ առաջ են եղել այսօրվա ադրբեջանցիների տեղակայման վայրից։ Երբ տեղի բնակիչները հարցնում են՝ ի՞նչ է նշանակում պետք է հետ գանք, դրանով չենք կարողանալու մեր անվտանգությունն ապահովել, մենք պատրաստ ենք մինչև վերջ կանգնելու, Վաղարշակ Հարությունյանն իմիջիայլոց ասում է՝ դե գնացեք, մենք ձեզ հետ չենք, կարողանում եք պաշտպանել, պաշտպանեք»,- ասաց նա։

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն է այդ որոշման պատասխանատուն։ «Քննարկումը եղել է կառավարությունում, և որոշում է կայացվել։ Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը, կայացվել է պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, և իրոք մենք Սյունիքում ունենալու էինք խնդիրներ։ Բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջանները պետք է հանձնենք։ Էդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ռուսներն են պահանջել, որ հայկական զորքերը զբաղեցնեն խորհրդային սահմանները։ «Մեր խնդիրն է եղել, որ չեզոք գոտին պահենք, երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել, ասել է, որ պետք է զբաղեցնենք խորհրդային սահմանները»,- ասել էր Մելքիսեթ Պողոսյանը։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբից գրություն է ստացել, որը փաստում է, որ Վաղարշակ Հարությունյանն ու Շոյգուն են ստորագրել փաստաթուղթը։ «Վերջերս շատ անակնկալ Գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտաքրվել է ինձ հասցեագրված պատասխան։ Ես իրավունք չունեմ այդ ամբողջական պատասխանը հրապարակել, բայց մի բան հստակ է՝ ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերը, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-ոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են «Քաղաքացիական տրանսպորտային միջոցների ու բեռների ավտոճանապարհներով անվտանգ շարժ կազմակերպելու մասին» հոշագիր, որի առաջին կետի հիման վրա էլ Զինված ուժերի գլխավոր շտաբը տվել է Սյունիքում զինված ուժերի ու կամավորական ջոկատների հետ քաշման մասին մարտական հրաման»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

«Այսօր հասկանում ենք, որ Վաղարշակ Հարությունյանն, ով ասում էր՝ մենք ձեզ հետ չենք, ինչպես կարողանում եք, Սյունիքի անվտանգությունն ապահովեք, ինքն ու Սերգոյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով մեր զորքերը հետ են քաշվել՝ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքի և ամբողջ ՀՀ համար»,- ասաց Աննա Գրիգորյանը։

lragir.am

(Visited 4 times, 1 visits today)